Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկ Միխիլսենին:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ` Անահիտ Ավանեսյանը հույս է հայտնել, որ Միխիլսենի պաշտոնավարումը նպաստի առողջապահության ոլորտում հայ-բելգիական գործակցության ամրապնդմանը:
Հանդիպմանը անդրադարձ է եղել COVID-19 համավարակին և դրա հաղթահարմանն ուղղված պատվաստումային գործընթացին: Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել COVAX նախաձեռնության շրջանակներում Բելգիայի Թագավորության կողմից անցյալ շաբաթ Հայաստանին նվիրաբերված պատվաստանյութերի հերթական խմբաքանակի համար` համոզմունք հայտնելով, որ այդ քայլը կնպաստի համավարակի հաղթահարմանն ու մարդկանց համար այն հասանելի դարձնելուն:
Կողմերը մտքեր են փոխանակել պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվության, կեղծ լուրերի պատճառներին և հանրային առողջության վրա դրա ունեցած բացասական ազդեցության մասին:
Մարկ Միխիլսենը նկատել է, որ Բելգիայում ևս հասարակության մի խումբ կա, որը պայքարում է պատվաստումների դեմ, սակայն նման պնդումները համարվում են անլուրջ և չհիմնավորված:
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նաև առողջապահության ոլորտում կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներին: Շեշտվել է, որ COVID-19-ով պայմանավորված իրադրությունը, ինչպես նաև դրան հաջորդած պատերազմը մեծ հարված էին հասարակության հոգեկան առողջությանը, ուստի կառավարության առաջիկա տարիների առաջնահերթություններից են լինելու տուժածներին որակյալ հոգեբուժական օգնության տրամադրումն ու հոգեբանական ծառայությունների մատուցումը:
Մարկ Միխիլսենին հետաքրքրվել է նաև Հայաստանում առողջապահական ապահովագրության ներդրման ծրագրով:
Հանդիպման ավարտին քննարկվել են առողջապահության նախարարության առջև դրված խնդիրների իրականացման համար Հայաստանի և Բելգիայի Թագավորության միջև փորձի փոխանակման հնարավորությունները, հնչել են ոլորտային փոխգործակցության խորացմանն ուղղված առաջարկներ: