Չորս ծննդկանի մահվան դեպք՝ միայն այս տարի. ևս 5-ն էլ 2020-ին: Բոլորը՝ կորոնավիրուսի հետևանքով: Օրեր առաջ գրանցված վերջին դեպքը Դիլիջանում էր: 23-ամյա հղի կինը ծանր վիճակում մարզից տեղափոխել էր Երևան: Բժիշկները պատմում են՝ ծննդկանը մինչև այդ փորձել էր ինքնուրույն հաղթահարել Քովիդը՝ տան պայմաններում: Երկրորդ երեխային սպասող կինը 4 օր հիվանդության դեմ պայքարելուց հետո, ցավոք, մահացել է ռեանիմացիոն բաժանմունքում:
Ինգա Ավանեսյան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ մանկաբարձագինեկոլոգիական ծառայության ղեկավար - Հղիությունը 19-20 շաբաթական էր: Հիվանդ էր սեպտեմբերի 1-ից: Սեպտեմբերի 2-ին թեստավորվել է, դրական պատասխանից հետո գտնվել է հսկողության տակ, մեր կլինիկա է տեղափոխվել սեպտեմբերի 9-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում, ընդունվել է անմիջապես ռեանիմացիոն բաժանմունք:
Մահացած կինն ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ`թոքերի 40 տոկոս ախտահարմամբ։ Վերապրոֆիլավորված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգն ասում է՝ հատկապես հղիների մոտ մեծ է Քովիդով վարակվելու ռիսկը, ուստի պետք չէ անտեսել հակահամաճարակային կանոնները: Քովիդը վերջին շրջանում ավելի ծանր նաև երիտասարդներն են տանում՝ ասում է Ավանեսյանն ու ընդգծում՝ ռեանիմացիոն բաժանմունքում հիմա ավելի շատ 25-35 տարեկաններն են: Չի բացառվում, որ երիտասարդները վարակվել են Քովիդի նոր շտամով: Այժմ այստեղ Քովիդից բուժվում է նաև 29 հղի, ևս երեքն արդեն մայրացել է:
Ինգա Ավանեսյան - Այս վերջին ալիքը շատ վատ ալիք է: Հիվանդությունը բավականին երիտասարդացել է: Հղիների մոտ շատացել են բարդությունները: Իմ կոչն է բոլոր հղիներին. եթե թեստավորվում են և թեստը դրական է լինում, չզբաղվեն ինքնաբուժությամբ, անմիջապես դիմեն մասնագիտական կլինիկա:
Վարակվածների մահացության դեպքերի աճ կա, տվյալներն են փաստում: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ վերջին 1.5 տարում համավարակից մահացել է ավելի քան 5000 մարդ, ինչն ընդհանուր վարակվածների 2 տոկոսն է։ Այս տարվա հունվարից-հուլիս ամիսներին Քովիդից մահացել է 2331 մարդ, որն ընդհանուր մահերի 12.4 տոկոսն է:
Կարինե Կույումջյան, Վիճակագրական կոմիտեի մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ - Եթե այդ դեպքերը համեմատելու լինենք 2020 թվականի 7 ամիսների ընթացքում գրանցված Քովիդից մահվան դեպքերի հետ, որոնք 804-ն են, բնականաբար, աճը գրեթե 2.9 անգամ է եղել: Կարող եմ արձանագրել, որ ամենաշատ դեպքերն արձանագրվել են 60-74 տարիքային խմբում, որոնք կազմել են 46.8 տոկոս:
Թեև ամենաշատ կորոնադեպքերն այս տարի արձանագրվեցին ամռանը, բայց ամենաշատ մահերը եղել են գարնանը: Հունվարի 1-ից մինչև հիմա օրական միջինը կորոնավիրուսից մահացել է 15 մարդ։ Կորոնավիրուսից օրական կտրվածքով ամենաշատ մահեր՝ 28 դեպք, գրանցվել է ապրիլի 8-ին։ Այս տարի ամսական կտրվածքով ամենաշատ՝ 587 մահ, արձանագրվել է ապրիլին։
Թե քովիդի պատճառով այս տարի քանի երիտասարդ է մահացել, վիճակագրական կոմիտեն կամփոփի տարեվերջին: Կառույցում չեն բացառում, որ մահվան դեպքերի տարիքային հարաբերակցությունն ամփոփումից հետո որոշակիորեն փոխվի։