Գնաճը կանգ չի առնում․ 12-ամսյա ցուցանիշն օգոստոսին կազմել է 8,8 տոկոս։ Թանկացումների ալիքը մեղմելու համար Կենտրոնական բանկը տարեսկզբից հաշված արդեն հինգերորդ անգամ է վերաֆինանսավորման տոկոսադրույք բարձրացնում։ Այսօրվա նիստում 0,25 կետով ավելացումից հետո ֆինանսական շուկայի համար փողի նոր գին է սահմանվել՝ 7,25 տոկոսը։ Որոշումը մեկնաբանող ասուլիսին գլխավոր դրամատան ղեկավարը պարզաբանում է․ սպասվածից արագ են աճում ոչ միայն Հայաստանի գործընկեր երկրների տնտեսությունն ու համախառն պահանջարկը, այլև՝ գնաճը։ Սա ներկրվող ապրանքների թանկացման առումով է ռիսկային։ Տեղական պարենային շուկայում նույնպես տարին խնդրահարույց է․ բանջարեղենի գներն օգոստոսին տարվա կտրվածքում 66 տոկոս աճ են գրանցել։ Այնպես որ.
Մարտին Գալստյան (ՀՀ ԿԲ նախագահ) - Թե՛ արտաքին հատվածից և թե՛ ներքին տնտեսությունից շարունակում են պահպանվել հիմնականում գնաճային ազդեցություններ, ուստի ԿԲ խորհուրդը նպատակահարմար է համարում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը:
Ըստ Մարտին Գալստյանի՝ ընթացիկ հաշվարկներում գլխավոր դրամատունը գնահատել է այնպիսի ազդակներ, ինչպիսին՝ բիզնեսի ներդրումներ կատարելու այս փուլի զուսպ տրամադրվածությունն է, դրան հակառակ՝ տնային տնտեսությունների կորոնավիրուսի ու պատերազմի փուլում ձևավորած խնայողությունների կանխատեսվածից մեծ թափով ծախսը։ Նաև՝ երկրում քովիդ իրավիճակի հետագա պատկերն են հաշվի առել, հանկարծ եթե պատվաստվելու կամ ՊՇՌ թեստավորման պահանջի պատճառով բիզնեսը հոկտեմբերից աշխատելու որոշակի դժվարություններ ունենա։
Մարտին Գալստյան - Բազային սցենարով մենք մտածում ենք՝ լոքդաուն տեղի չի ունենալու, շարունակելու ենք կյանքը՝ հարմարվելով կորոնավիրուսի հետ:
Ոչ բազային սցենարով ու առանց հստակ գնահատականի, բայց տնտեսական ռիսկերի առումով Կենտրոնական բանկի ուշադրությունից չի վրիպել նաև Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարների ստուգման վերջին դեպքերը։
Մարտին Գալստյան - Այլընտրանքային սցենարներով նայում ենք, բայց հաշվարկված չի, էս պահին կդժվարանամ ասել որոշակի գնահատական։
Մինչև տարեվերջ՝ Կենտրոնական բանկը դեռ երկու անգամ պետք է վերաֆինանսավորման տոկոսադրույք վերանայի։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նաև տնտեսական թարմացված կանխատեսումներ հնչեցին:
Մարտին Գալստյան - 4,6 տոկոս աճի համար մենք կանխատեսում ենք 5,4 տոկոս աճ, ավելի բարձր ցուցանիշ, որը պայմանավորված է ծառայություններ, գյուղատնտեսություն, էդ երկուսն ա ըստ էության:
Ընթացիկ գնահատականների համաձայն՝ դեռևս ակնկալածից ցածր է արդյունաբերության ու շինարարության աճի տեմպը։