ՀՀ Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձվել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» պետական ծրագրով գյուղական տնտեսություններին տրամադրվող վարկերի նպատակային օգտագործման խնդիրը:
Ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքները պետության կողմից մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով տնտեսավարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը նպաստելը:
Ուսումնասիրության շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պահանջվել են տեղեկություններ՝ 2019-2020 թթ. ընթացքում հիշյալ ծրագրով տրամադրված վարկերի շահառուների և վարկերի օգտագործման վերաբերյալ: Նախարարությունից ստացվել է 2019թ. ամբողջ տարվա և 2020 թ. երեք եռամսյակներում իրականացված 125 ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերըի փաթեթները, որոնցից 33-ը Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։
Արդյունքում նշված 33 դեպքերից 26-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3-ով նախապատրաստվող նյութերի ընթացքը դեռևս չի լուծվել:
Իսկ 4 դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ կառավարության 2019 թ. մարտի 7-ի թիվ 184-Լ որոշմամբ սահմանված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության զարգացման նպատակով ՀՀ Լոռու մարզի բնակիչներին ՀՀ-ում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով կնքված պայմանագրով 2019 թ. տարբեր ժամանակահատվածներում տրամադրվել են 3.000.000-ից մինչև 6․000․000 ՀՀ դրամ գումարի չափով վարկեր, որոնք վարկառուների կողմից օգտագործվել են ոչ նպատակային. դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող անասնապահության զարգացմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս:
Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի (Վարկը ոչ նպատակային օգտագործելը) 1-ին մասով հարուցվել է 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությանը:
Մնացած 92 փաթեթներով ուսումնասիրությունները շարունակվում են, առաջիկայում, ելնելով արդյունքներից, դրանցով ևս կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։