Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը համագործակցության հուշագիր են ստորագրել սեյսմաբանական համակարգի միջոցով տվյալների ստացման և փոխանակման աշխատանքների բարելավման, ՀԱԷԿ-ի և շրջակա տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրության նպատակով:
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը վստահեցրել է, որ հուշագրի ստորագրումը թույլ կտա ավելի ընդլայնել և նոր աստիճանի բարձրացնել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող կառույցի՝ հայկական ատոմակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված համագործակցությունը:
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն իր հերթին կարևորել է ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունն ընդհանուր անվտանգության համատեքստում և ընդգծել, որ հարկ եղած դեպքում ինչպես տեխնիկական աջակցության, այնպես էլ մասնագիտական գիտելիքների զարգացման առումով կարելի է ակնկալել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աջակցությունը:
«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով՝ ԱԻ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը շարունակական է, նախարարի ատոմակայան կատարած վերջին այցի ընթացքում քննարկվել և վեր են հանվել սեյսմիկ անվտանգության բարձրացմանն ուղղված խնդիրներ, որոնց լուծմանն էլ ուղղած է ստորագրված հուշագիրը:
Փաստաթղթի համաձայն՝ ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով կիրականացվի ՀԱԷԿ-ի շրջակա տարածքի սեյսմիկ մոնիթորինգ, կապահովվի արդիականացված սեյսմիկ ցանցի անխափան աշխատանքը, տեղի ունեցող երկրաշարժերի գրանցումը, հետագա վերլուծությունը: Հուշագրով նախատեսված աշխատանքներում կներգրավվեն կառուցվածքային մասնագիտացված ստորաբաժանումները, որոնք որպես կողմեր անհրաժեշտության դեպքում կարող են այդ աշխատանքների կատարման համար կնքել քաղիրավական պայմանագրեր, ինչպես նաև դիմել այլ կազմակերպությունների` օժանդակ աշխատանքների կատարման կամ ֆինանսական օժանդակության համար: Սահմանված է նաև տեղեկատվության փոխանցման կարգը:
Նշենք նաև, որ փաստաթուղթը գործելու է 5 տարի ժամկետով և նույնքան ժամանակով կարող է երկարաձգվել: