Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Հովսեփ Բեդևյանի կենսագրական տվյալները, մասնագիտական հմտությունները և աշխատանքային ուղին:
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Հովսեփ Բեդևյանը ելույթ է ունեցել ԱԺ ամբիոնից և խոսել այն մասին, որ պետության առջև ծառացած գերխնդիրը՝ ստեղծել իրապես անկախ, անաչառ, բարձր արդյունավետությամբ աշխատող դատական համակարգ, ամբողջությամբ լուծված չէ:
«ՀՀ դատական համակարգը դատաիրավական բարեփոխումների նոր, երկարատև, հստակ ծրագրված, հիմնավորված, լուրջ ֆինանսական ներդրում, տեղական ու արտասահմանյան փորձագետների մասնակցություն ենթադրող փուլի կարիք ունի, որը կընդգրկի վերը նշված չափորոշիչներին համապատասխան դատական իշխանության ձևավորմանն ուղղված գործողությունների ամբողջ շրջանակը, սկսած բարձրագույն իրավաբանական կրթության համակարգի բարեփոխումներից, վերջացրած դատարանների նյութատեխնիկական արդիականացմամբ:
Որևէ կասկած չունենալով նախորդ բոլոր փուլերի արդյունքների վրա՝ ստիպված եմ արձանագրել, որ հիմնականում դրանք կրել են կարճաժամկետ բնույթ, որոշ դեպքերում անգամ եղել են էքսպերիմենտալ բնույթի գործողություններ, որոնք վերջնականապես չեն լուծել պետության առջև ծառացած գերխնդիրը՝ ստեղծել իրապես անկախ, անաչառ, բարձր արդյունավետությամբ աշխատող և հասարակության անդամների վստահությունը վայելող դատական համակարգ»,- ասաց Բեդևյանը:
Նա նշեց, որ մասնագիտացված վարչական դատարանի ստեղծումը խիստ անհրաժեշտ, կարևոր քայլ էր ՀՀ արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացման տեսանկյունից:
«Սակայն այս գործընթացն առ այսօր չունի ավարտուն և վերջնական տեսք: Մասնագիտացված դատարանների ստեղծման և արդյունավետ գործունեության միջազգային փորձը վկայում է մասնագիտացման գաղափարը դատական համակարգի բոլոր մակարդակներում իրացնելու անհրաժեշտության մասին»,- ասաց Բեդևյանը: