Քառօրայի երկրորդ օրը խորհրդարանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր ընտրեց: Թեկնածուները երեքն էին՝ Հովսեփ Բեդևյանը, Հրաչ Այվազյանն ու Լիանա Հակոբյանը: Նրանց հերթով ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը: Երեք անգամ էլ ամբիոնին մոտեցած Ջհանգիրյանին ընդդիմադիրներն օրվա թեմայից դուրս հարցեր տվեցին:
Արեգնազ Մանուկյանը Ջհանգիրյանի առանձնատան լուսանկարով էր եկել, «Հայաստան» դաշինքի պատգամավորն առաջին անգամ հերթագրվեց այդ հարցով: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը նորից մանրամասն պատմեց՝ բնակարան է ունեցել Դավիթաշենում, այն վաճառել է, 89-ին կառուցել է ԱԺ-ի շենքի դիմաց գտնվող տունը, դա էլ 2003-ին է վաճառել ու կառուցել նորը՝ Մոնումենտում, այն հիմա Իրաքի դեսպանատունն է վարձակալում: Երբ Ջհանգիրյանը հաջորդ թեկնածուին ներկայացրեց, Մանուկյանը նորից հերթագրվեց, նորից տան հարցով:
Առիթից օգտվելով՝ Թագուհի Թովմասյանը Ջհանգիրյանի անվան շուրջ պտտվող լուրերը մեջբերեց՝ դատական իշխանությունը դարձել է գրպանային, դատավորներն էլ վճիռներ են կայացնում միայն նրա հետ ճշտելուց հետո: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը տարակուսեց՝ ինչպես է պատկերացնում ճնշումները, նաև հիշեցրեց՝ իրենք այս մասին հեռախոսով էլ են զրույցել:
Արձագանքելով՝ Թովմասյանը մանրամասնեց. խոսքը կալանքի տակ գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի մասին է, նա էր ահազանգել, որ Ջհանգիրյանի ցուցումով է իր հանդեպ քերական հետապնդում իրականացվում: Չարչյանի, նաև կալանավորված մյուս երկու պատգամավորների թեման շարունակեց Էլինար Վարդանյանը; Հարցրեց՝ որքա՞ն կարող է դատական համակարգը գործել որպես պատժիչ գործիք: Քաղաքական գնահատականներից ձեռնպահ մնալով՝ Ջհանգիրյանն ասաց՝ խնդրի լուծման ուղղությամբ հիմա հստակ քայլեր են արվում:
Ի՞նչ ազդակ մենք պետք է տանք նոր դատավորներին, եթե վերջին շրջանում համատարած Մնացական Մարտիրոսյանի մակարդակի արդարադատություն է իրականացվում՝ սա էլ հարցրեց Արամ Վարդևանյանը: Ջհանգիրյանն ընդհատեց:
Մարտիրոսյանը, հիշեցնեմ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից է, որը դեռ 2000-ականներից սկսած՝ աղմկահարույց գործեր է քննել: Վարդևանյանը նորից պնդեց՝ հիմա էլ հայտնի քաղաքական գործերով հենց նման դատավորներն են դառնում նախագահող, ու գերակայում է կալանքը:
Պատգամավորների մտահոգություններին էլ, որ վերջին շրջանում գործերը դատավորներին ձեռքով են մակագրվում, Ջհանգիրյանն արձագանքեց՝ ԱԱԾ-ն քրեական գործի շրջանակում առգրավել է տարբեր դատարանների մակագրման համակարգերը, ձեռքով մակագրելը կանոնակարգված է օրենքով, իսկ ընդհանուր համակարգը բարելավելու, խտրական մոտեցումները բացառելու համար հիմա աշխատանք է տարվում:
Օրվա թեմայի՝ դատավորների թեկնածուների հարցում պատգամավորներն առարկություններ չունեին: Նկատեցին՝ նրանք բոլորն էլ փորձառու են: «Հայաստան» խմբակցության քարտուղարը հայտարարեց՝ ազատ են քվեարկելու, ապա կոչ արեց դատական համակարգը զերծ պահել ճնշումներից ու քաղաքական նպատահարմարությունից:
Թեկնածուներն էլ իրենց ելույթների ընթացքում մի շարք կարևոր խնդիրներ արձանագրեցին՝ դատարանների գերծանրաբեռնվածություն, գործերի քննության ողջամիտ ժամկետի խախտում, ու այս ֆոնին կարևորեցին մասնագիտական դատարանների ստեղծումը: Համակարգի խնդիրների, դատավորների տեսլականի մասին այսօր կարելի էր զրուցել, բայց քննարկման 85 տոկոսը նրանց չէր վերաբերում՝ սա էլ նկատեց «Քաղաքացիական պայմանագրից» Վլադիմիր Վարդանյանը:
Պատգամավորները գնացին փակ գաղտնի քվերակության: 88 ձայնից 80 կողմ քվե ստացավ Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը և գործուղվեց Վճռաբեկ: