Վարչական տույժ՝ շինարարական 9 ընկերության նկատմամբ: Բնապահպանական խախտումներն այս օգոստոսին Երևանի շինհրապարակներում արձանագրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Հիմնական թերացումները վերաբերել են մթնոլորտային օդի պահպանությանը:
Պատասխանատու մարմինը պարզել է, որ շինարարության ընթացքում չեն պարսպապատվել շինհրապարակները, իսկ ներսից և դրսից նորոգվող շենքերը և շինությունները չեն ծածկվել համապատասխան բարձրության անթափանց թաղանթով։ Հատկանշական է, որ տեսչականի ուշադրության կենտրոնում հայտնված բոլոր ընկերություններում են խախտումներ հայտնաբերվել:
Մեսրոպ Ավագյան, ՀՀ ԲԸՏՄ Երևանի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ - Շինարարություն իրականացնող կազմակերպություններն օրվա ընթացքում շինհրապարակը չեն ջրում, շինհրապարակից դուրս եկող մեքենաների անվադողերը չեն լվացնում: Սորուն նյութերը՝ ավազը, խիճը, ծածկված չեն անթափանց թաղանթով և փակ տարածքի մեջ չեն:
Ստուգումներն իրականացվել են Երևանի տարբեր վարչական շրջաններում: Խախտումները եղել են տարբեր բարձրության շենքերի շինարարության ընթացքում:
Մեսրոպ Ավագյան - Ստուգումն ավարտելուց հետո տալիս ենք պարտադիր հանձնարարական՝ խախտումները վերացնելու համար: Բոլոր տնտեսվարողներն էլ պետք է այդ խախտումները վերացնեն, աշխատեն օրենքի պահանջներին համապատասխան:
Ընկերություններից յուրաքանչյուրը խախտումների համար կվճարի 150 000-ական դրամ տուգանք: Կանաչների կուսակցության նախագահ, բնապահպան Արմենակ Դովլաթյանի կարծիքով՝ Հայաստանում շինարարների մոտ բնապահպանական խնդիրներ թույլ չտալու մշակույթը դեռ չի ձևավորվել:
Արմենակ Դովլաթյան, Հայաստանի Կանաչների կուսակցության նախագահ - Բոլորս էլ տեսնում ենք Երևանի վիճակը՝ փոշու ինչ ահռելի քանակություն կա: Դա գալիս է նաև շինարարական կազմակերպությունների չեմ ասի անփույթ, բայց ոչ պատասխանատու աշխատանքից»: Իրենք ևս պետք է հասկանան, որ փոշին, վերջիվերջո, դա շնչառական համակարգի հետ կապված է և, ցավոք, շնչառական համակարգի հետ կապված խնդիրները Երևանում շատ-շատ են:
Ստուգումներն իրականացվել են թե՛ վարչապետի աշխատակազմից ստացված գրության, թե՛ քաղաքացիների դիմումների հիման վրա: Խախտումները 1 տարվա ընթացքում կրկնվելու դեպքում 150 հազար տուգանքը կկրկնապատկվի: Ստուգումները շարունակվում են:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան