Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը, որը մեկ ամիս առաջ զինված հարձակման էր ենթարկվել, այսօր մասնակցել է Երևանի ավագանու նիստին։ Նա նշել է՝ վերածնվել է Աստծո կամոք։
Անտոնյանն ու իր պապը հարձակման էին ենթարկվել օգոստոսի 1-ի գիշերը՝ դանակով ու մահակով զինված անձանց կողմից. դանակի հարվածներ ստացած ավագանու անդամը ծայրահեղ ծանր վիճակում մի քանի օր եղել է վերակենդանացման բաժանմունքում:
Նախնական վարկածով՝ կատարվածը կարող է կապ ունենալ ավագանիում Արման Անտոնյանի գործունեության հետ: Մեկ ամիս անց, սակայն, սպանության փորձի, բնակարան ապօրինի մուտք գործելու համար մեղադրվող անձը դեռ հայտնաբերված չէ: Անտոնյանն այսօրվա նիստում առաջին անգամ խոսել է իր հետ տեղի ունեցած դեպքից:
Արման Անտոնյան (Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ) - Երևանի ավագանու անդամի նկատմամբ մահափորձը մանավանդ իր մասնագիտական գործունեության համար, պետության և համայնքի շահերը պահելու համար, դա ուղիղ ոտնձգություն է պետության և համայնքի նկատմամբ, որում իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկը այս դահլիճում կամ այս շենքում, ով ընդամենը բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները նաև իր խղճի առաջ:
Այո՛, ես բազմիցս բարձրաձայնել եմ նաև այս ամբիոնից, որ Երևանի քաղաքապետարանում մինչ օրս դեռ շարունակվում է համայնքային միջոցների վատնումը, և որպես Երևանի ավագանու անդամ կա՛մ պետք է աչք փակեի այդ ամենի նկատմամբ, ինչ բացառվում է իմ պարագայում, կամ էլ միջոցներ ձեռնարկեի ամենը շտկելու, ճիշտ հունի վրա դնելու և շարժվելու առաջ, ինչը ի շահ Երևան քաղաքի արվեց նաև մահափորձից առաջ՝ հուլիսի 29-ի Երևանի ավագանու արտահերթ նիստին՝ նախագծի տեսքով: Եվ զավեշտալին այն է, որ հենց այդ նիստից երկու օր հետո այս թուրք-բաշիբոզուկների կողմից իմ նկատմամբ մահափորձով ինքնին այդ գործողությամբ հիմնավորվեց, ապացուցվեց և հաստատվեց իմ կողմից բարձրաձայնված խնդիրները: