«Արդյոք մարդն ազա՞տ չէ՝ ընտրելու՝ հիվանդանալ, թե ապրել ինչ կլինի՝ կլինի սկզբունքով». սա այն հարցերից մեկն է, որոնց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանել է ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ հաճախ հնչող կարծիքներին ու մտայնություններին։ Խոստացված պատասխանները Ավանեսյանը ներկայացրել է քովիդ-19-ով վարակված հղիի մահվան դեպքի մասին հայտնի դառնալուց հետո։
Նախարարը փաստել է, որ հասարակության մեջ ապրող մարդը չի կարող վարակիչ հիվանդությունն ընտրելու ազատություն ունենալ։
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Վտանգավոր, վարակիչ հիվանդության դեպքում դուք միայն ձեր կյանքի և առողջության համար չեք որոշում կայացնում, այլ նաև ուրիշների, ինչպես, օրինակ՝ մահացած հղի կնոջ:
Խնդրեմ՝ եթե դուք ապրում եք քաղաքակրթությունից կտրված սարի գլխին և որևէ շփում չունեք մարդկության հետ, ազատ կերպով մի պատվաստվեք, դիմակ մի կրեք, ուժգին փռշտացեք, հիվանդացեք և մի բուժվեք, իսկ եթե, այնուամենայնիվ, ապրում եք սոցիումի մեջ, ապա չեք կարող ձեր որոշումներով վտանգել այլոց կյանքն ու առողջությունը։
Մյուս հարցը, որին անդադարձել է նախարարը, հետևյալն է՝ երբ կլինի «Պֆայզեր» պատվաստանյութը։ Ավանեսյանը հստակ ժամկետ չի նշել, բայց տեղեկացրել է, որ այդ պատվաստանյութն ապահովելու համար տարվում են աշխատանքներ։
Անահիտ Ավանեսյան - Հայաստանում այսօր առկա պատվաստանյութերը բավարարում են արդյունավետության և որակի բոլոր անհրաժեշտ չափանիշները և լուծում մեր առջև ծառացած խնդիրը, այն է` կանխել հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքն ու մահերը։ Սպասելու իմաստ, անհրաժեշտություն և ժամանակ չկան։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրել են՝ իրավաբան լինելով՝ ինչպես է որոշել կիրառության մեջ դնել այս կամ այն պատվաստանյութը: Ավանեսյանը պատասխանել է՝ գոյություն ունի նախարարին կից խորհուրդ, որը ներառում է ոլորտի քսանից ավելի մասնագետների, որոնք մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո տալիս են եզրակացություն, առաջարկ, և դրա հիման վրա էլ ընդունվում է նախարարի հրամանը։
Արդյոք պատվաստումները արվում են «գումար աշխատելու» նպատակո՞վ:
Անահիտ Ավանեսյան - Ճիշտ հակառակը՝ պատվաստանյութերը հիվանդության հաղթահարման ամենամատչելի միջոցն են։
Եվ, ցավոք, դեռ շարունակելու ենք հանրային միջոցները ծախսել թանկարժեք բուժումների վրա, քանի որ չենք ուզում կանխարգելել։
Ցավոք, այսօր շատերը պատրաստ են՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու անցնել բազմակի թանկարժեք հետազոտություններ, խմել հորմոնային դեղեր, վերջին սերնդի ամենաուժեղ հակաբիոտիկներ, առանց աչք թարթելու, իսկ բժիշկների կողմից ցուցված կանխարգելիչ պատվաստմանը մտավախությամբ մոտենալ, այնինչ Հայաստանի բնակչության 95%-ը մշտապես ստացել է մանկական հասակում անհրաժեշտ բոլոր պատվաստումները։ Հիմա ինչո՞ւմն է բանը, հասկանալի չէ:
Հետևությունները թողնում եմ ձեզ, սիրելի՛ քաղաքացիներ, թույլ մի՛ տվեք, որ հակագիտական ստերով և էժան շահարկումներով վտանգեն բոլորիս առողջությունը:
Նախարար Ավանեսյանը հիշեցրել է, որ հոկտեմբերի 1-ից նոր կանոնները մտնելու են ուժի մեջ: Խոսքը հայտնի պահանջների մասին է, ըստ որոնց, արդեն հաջորդ ամսվանից սկսած, այն աշխատողները, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստված չեն մեկ կամ ամբողջական՝ երկու դեղաչափով, յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան՝ հավաստելու, որ վարակված չեն։ Հակառակ դեպքում նրանց թույլ չի տրվի աշխատանքի ներկայանալ։
Առողջապահության նախարարի ֆեյսբուքյան էջում հարցուպատասխանը շարունակելի է։ Թեմային նա սկսել է անդրադառնալ շաբաթ օրվանից։
Հեղինակ՝ Աննա Զախարյան