Երևանի ավագանու այսօրվա նիստին մասնակցում էր նաև մեկ ամիս առաջ զինված հարձակման ենթարկված «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անոտնյանը: Նա նիստի սկզբում անդրադարձավ իր դեմ կատարված մահափորձին։
Արման Անտոնյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ - Բազմիցս բարձրաձայնել եմ նաև այս ամբիոնից, որ Երևանի քաղաքապետարանում մինչ օրս դեռ շարունակվում է համայնքային միջոցների վատնումը:
Անտոնյանի խոսքով՝ կամ պետք է աչք փակեր այդ ամենի նկատմամբ, կամ էլ միջոցներ ձեռնարկեր ամենը շտկելու, ինչը, ըստ նրա, արվեց մահափորձից առաջ՝ հուլիսի 29-ի ավագանու արտահերթ նիստին՝ նախագծի տեսքով:
Արման Անտոնյան - Եվ զավեշտալին այն է, որ հենց այդ նիստից երկու օր հետո իմ նկատմամբ մահափորձով՝ ինքնին այդ գործողությամբ հիմնավորվեց, ապացուցվեց և հաստատվեց իմ կողմից բարձրաձայնված խնդիրները:
Ավագանու անդամի կարծիքով՝ Դատախազությունը շատ գործ ունի անելու նաև Երևանի քաղաքապետարանի ներսում: Ըստ նրա՝ ցավալին այն է, որ խնդիրների համահեղինակները դեռ շարունակում են աշխատել քաղաքապետարանում:
Նիստի մեկնարկին քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը դիմում է ներկայացրել՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Նշեց՝ խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, իսկ քարտուղար՝ Լևոն Հովհաննիսյանը։
Նիստին զուգահեռ քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Ֆիզգորոդոկ» կոչվող գիտավանի բնակիչները: Նրանք պահանջում էին կասեցնել կառուցապատումը, իսկ երբ փակեցին քաղաքապետարանի հարակից փողոցը, բերման ենթարկվեցին:
Ավագանու նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը քաղաքապետարանին խնդրեց պարզաբանել, թե ի՞նչ փուլում են այդ տարածքի հետ կապված գործընթացները:
Հայկ Մարության, Երևանի քաղաքապետ - Երեկ այս թեմայի վերաբերյալ ունեցել ենք շատ երկար քննարկում: Ուզում եմ տեղեկացնել երևանցիներին, նաև «Ֆիզգարադոկի» բնակիչներին, որ իմ, ինչպես նաև Երևանի ավագանու ուշադրության կենտրոնում են այս բոլոր խնդիրները: Ես ձեզ վստահեցնում եմ՝ ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ վստահեցրեց՝ հիմքի դեպքում Երևանի քաղաքապետարանը կասեցման որոշում տալու որևէ կաշկանդվածություն չունի:
Այնուհետև խոսվեց «Դվին» հյուրանոցի հարակից տարածքում ապօրինի կառուցապատման մասին: «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հետաքրքրվեց՝ տուգանվե՞լ են արդյոք դրա համար: Ի պատասխան՝ Հայկ Մարությանը նշեց, որ ևս մեկ ապօրինի շինություն էլ կա հենց «Դվին» հյուրանոցի վրա:
Հայկ Մարության - Շենքի հետ կապված արձանագրությունն արվել է, և մեր մասնագետները կասեն, թե ինչ ճանապարհով ենք գնում։ Երկրորդը՝ հենց «Դվին» հյուրանոցի վրա կա տարօրինակ կառույց՝ երկհարկանի ապակեպատ, և դա ևս ապօրինի է: Այս դեպքում էլ նշված երկու տարբերակներն են գործելու՝ կա՛մ քանդվի այդ ապօրինի երկհարկանի կառույցը, կա՛մ ամբողջ համալիրն օրինականացվի, և մեծ գումարներ վճարվեն քաղաքային բյուջե:
Այսօրվա նիստում նաև մի շարք որոշումներ կայացվեցին. մասնավորապես «Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան հ․ 51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին կապիտալ դրամաշնորհ կտրամադրվի՝ նորակառույց շենքի նոր գույքի ձեռքբերման նպատակով: Երևանի 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող ևս 64 ընտանիք կապահովվի նոր բնակարաններով:
Ընդհանուր առմամբ՝ բյուջեից կտրամադրվի 500 մլն դրամ՝ 2000 քմ. նոր բնակելի ֆոնդ ձեռք բերելու նպատակով: Նիստի ընթացքում, օրակարգային հարցերից բացի, Երևանի քաղաքապետն անդրադարձավ մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումներին: Ըստ նրա՝ ակնկալվում է, որ 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան