Կրեմլում հանդիպել են Ռուսաստանի և Սիրիայի նախագահները: Բաշար Ասադը Մոսկվա էր ժամանել չհայտարարված այցով: Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սիրիայի նախագահին՝ ընտրությունում հաղթելու կապակցությամբ: Պուտինը Սիրիայի գլխավոր խնդիրը համարել Է առանց ՄԱԿ-ի և սիրիական իշխանությունների թույլտվության այնտեղ օտարերկրյա ներկայության պահպանումը: Դա, նրա կարծիքով, հնարավորություն չի տալիս առավելագույն ջանքեր գործադրել երկրի համախմբման և վերականգնման ճանապարհին այնպիսի տեմպերով շարժվելու համար, որոնք հնարավոր կլինեին, եթե ամբողջ տարածքը վերահսկվեր օրինական կառավարության կողմից: Ասադն, իր հերթին, ընդգծել է, որ համատեղ ջանքերով իրենց երկրները հաջողության են հասել ահաբեկչության դեմ պայքարում:
Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են Ռուսաստանի և Սիրիայի համատեղ ջանքերին, որոնց արդյունքում Սիրիայի կառավարությունը վերահսկում է երկրի տարածքի 90 տոկոսից ավելին։ Պուտինի խոսքով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում կողմերի միջև ապրանքաշրջանառությունը մեծացել է 3,5 անգամ։ Ռուսաստանը Սիրիային է հատկացրել «Սպուտնիկ V» և «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութերը: