Ֆրանսիայից ուղարկված AstraZeneca պատվաստանյութի 25000 դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակն այսօր վաղ առավոտյան հասել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:
Օդանավը դիմավորել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Քրիստոֆ Քացախյանը, առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:
ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և գալիք շաբաթների ընթացքում:
Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ համաճարակին դիմագրավելու գործում: Ֆրանսիան 2020 թվականին մասնագետ բժիշկների երեք առաքելություն է ուղարկել Հայաստան, իսկ 2021 թվականի օգոստոսի 3-ին նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց 200000 դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնն այդ առիթով հայտարարել էր. «Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց՝ Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Համավարակին դիմակայելու համար Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200000 դեղաչափ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»։
Ֆրանսիայի նախագահը Ֆեյսբուքի իր էջում հայերեն գրառում է արել: Էմանուել Մակրոնը հայտնել է, որ ինչպես և խոստացել էր նախորդ տարվա օգոստոսին, 25 000 դեղաչափ պատվաստանյութի առաջին խմբաքանակը կհասնի Հայաստան։
«Համերաշխությունը գործողության մեջ՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում»,- գրել է Ֆրանսիայի նախագահը: