Երևանում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, անցկացվում է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը։ Նիստին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան, դեսպանները, այլ պաշտոնյաներ երկու երկրներից։
Մարինա Լազեբնայան հայտարարել է, որ Ուկրաինան Հայաստանին միշտ դիտարկել է որպես Հարավային Կովկասում կարևոր գործընկեր։ Նրա խոսքով՝ միջկառավարական հանձնաժողովի նիստին ընդառաջ փորձագիտական խմբերը բեղմնավոր աշխատանք են կատարել, իսկ պատրաստված փաստաթուղթն անհրաժեշտ ճանապարհային քարտեզ է գործընկերային հարաբերությունների զարգացման համար։ Նա հավելել է, որ համավարակի շրջանում ճգնաժամից հետո տնտեսական ցուցանիշներում դրական դինամիկա է նկատվում։
«Մենք պատրաստ ենք առաջ տանել փոխշահավետ համագործակցության օրակարգը, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում»,- նշել է Լազեբնայան։
Իր հերթին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ կողմերը լավ հիմք են դրել երկկողմ կապերն էապես ակտիվացնելու համար։
Նրա խոսքով՝ թե՛ հայկական և թե՛ ուկրաինական կողմերը համաձայնել են, որ հայ-ուկրաինական հարաբերությունները շատ մեծ և չիրացված ներուժ ունեն, օրինակ՝ տուրիզմի ոլորտում, և նպատակահարմար է, որ հայ և ուկրաինացի տուրօպերատորները փոխայցելություններ կատարեն:
Հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2022 թ. մայիսին: