Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները հաղորդել են հանգստյան օրերին հեռահար նոր թևավոր հրթիռների փորձարկման մասին՝ տեղեկացնում է Euronews-ը:
Հարավային Կորեան հայտարարել է, որ Փհենյանից որևէ ծանուցում չի ստացել այդ մասին, և այժմ իրենք ԱՄՆ-ի հետ վերլուծում են իրավիճակը: Հյուսիսային Կորեային արգելված է բալիստիկ հրթիռների օգտագործումը, սակայն թևավոր հրթիռները չեն ենթարկվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներին, քանի որ դրանք համարվում են ավելի փոքր սպառնալիք:
Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ տեղյակ էին փորձարկումներին, բայց և չեն բացառել, որ նոր հրթիռները սպառնալիք են Ճապոնիայի և բուն տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար:
Հյուսիսային Կորեան հայտնել է, որ հրթիռները հաջողությամբ թռել են երկրի տարածքով և տարածքային ջրերի վրայով ու հարվածել են թիրախներին մեկուկես հազար կիլոմետր հեռավորությունից: Փորձարկման մեկնարկն իրականացվել է ԿԺԴՀ-ի ազգային տոնից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 9-ին, երբ ռազմական շքերթով նշվել է պետության հիմնադրման 73 -ամյակը: