«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իշխանական մի խումբ պատգամավորների հեղինակած նախագիծը կրկին դրվել է շրջանառության մեջ: Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը «Լուրեր»-ին հայտնեց՝ միջազգային կառույցներից փորձագիտական կարծիք ստանալու համար այն հանվել էր շրջանառությունից, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունից հետո, երբ արդեն նոր ձևավորված խորհրդարանը գործում է, իսկ միջազգային կառույցներն էլ ներկայացրել են իրենց դիրքորոշումը, կրկին դրվել է շրջանառության մեջ: Հիմնական փոփոխությունն այն է, որ լրատվամիջոցներին արգելվելու է նյութեր հրապարակել չնույնականացված աղբյուրներին հղում տալով:
Արթուր Հովհաննիսյան (ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մենք չենք կարող թույլ տալ, որ ԶԼՄ օրենքին համապատասխանող հղումներ կատարեն և այդպիսիով գովազդեն այնպիսի աղբյուրներ, որոնց ստեղծման մասին մենք որևէ մեկս որևէ տեղեկություն չունենք, և դրանք շատ հանգիստ, մանավանդ մեր տարածաշրջանում ձևավորված և նաև պատերազմով պայմանավորված իրավիճակով, կարող են հակառակորդ երկրի կողմից բացված լինել և էական վտանգ ներկայացնել մեր ազգային անվտանգությանը:
Ըստ նախագծի՝ չնույնականացվող աղբյուր են համարվում համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքը, համացանցային կայքի օգտահաշիվը կամ համացանցային կայքի ալիքը, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից: Չնայած դեռ ամիսներ առաջ ոլորտի մասնագետները շրջանառության մեջ դրված նախագիծը խնդրահարույց էին համարում, իսկ լրատվամիջոցները խոսքի ազատության սահմանափակման մասին էին բարձրաձայնում, Արթուր Հովհաննիսյանը այժմ էլ պնդում է՝ թե՛ տեղեկատվություն ստանալու, թե՛ տարածելու, թե՛ աղբյուրներից օգտվելու ազատությունը չի սահմանափակվում:
Արթուր Հովհաննիսյան - Լրատվամիջոցները կարող են շատ հանգիստ օգտվել անգամ այն աղբյուրից, որը չնույնականացված է, բայց դա անեն իրենց անունից, ինչպես նախկինում էին անում, երբ չկային տելեգրամյան ալիքներ:
Առաջարկվող փոփոխություններով՝ այն լրատվամիջոցները, որոնք գործունեություն են իրականացնում համացանցի միջոցով, իրենց կայքէջում պարտադիր պետք է ներառեն լրատվության միջոցի անվանումը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, գտնվելու վայրը, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաև պետական հաշվառման համարը և տրման օրը, ինչպես նաև հետադարձ կապը, այն է՝ հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:
Արթուր Հովհաննիսյան - Քաղաքացին տեղեկատվության սպառողը իմանա, թե ումից է այդ տեղեկատվությունը սպառում, վստահի այդ տեղեկատվությանը, թե չվստահի և խնդիրների դեպքում էլ իմանա, թե ով է իր խնդրի հասցեատերը:
Ինչ վերաբերում է միջազգային կառույցներից ստացված եզրակացությանը, ապա, ըստ Հովհաննիսյանի, նախագծի առնչությամբ որևէ լուրջ առարկություն չեն ստացել:
Արթուր Հովհաննիսյան - Եվրախորհրդարանի մեր գործընկերները գտնում են, որ մենք ավելի համապարփակ մոտեցում պետք է որդեգրենք, սակայն չեն առարկում մեր փոփոխություններին, իսկ ԵԱՀԿ-ից առհասարակ առարկություն չկար: Իսկ մեզ էս փոփոխությունները անհրաժեշտություն են, և անհրաժեշտություն նաև այն իմաստով, որ խորհրդարանական ընտրություններին մենք հասկացանք, թե ինչ վտանգ են պարունակում չնույնականացված աղբյուրները, որոնք հանրությանը անգամ վախեցնող են: Որոշ անբարեխիղճ ԶԼՄ-ների պատճառով մենք այս նախագիծը բերում ենք մարդկանց պաշտպանելու համար:
Նախագծով առաջարկվում է նաև լրատվամիջոցների ֆինանսավորումը ավելի թափանցիկ դարձնել՝ լրատվամիջոցին պարտավորեցնելով ամեն տարի հրապարակել ֆինանսական հաշվետվություն։ Իսկ օրենքի ընդունումից հետո նախատեսված փոփոխություններից խուսափողները կենթարկվեն վարչական պատասխանատվության: ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանը ուղղված հաշվետվությունը օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելու, օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելու դեպքում լրատվամիջոցը կտուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի արդեն սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով: