ՄԻՆՉԵՎ 2025 Թ. ՄԻՆՍԿԸ ՄՈՍԿՎԱՅԻՑ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԶԵՆՔ ԿՍՏԱՆԱ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվան մինչև 2025 թվական ավելի քան մեկ միլիարդ դոլարի ռուսական զենքի կմատակարարի Մինսկին: Սպառազինությունը ենթադրում է ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, ТОР-М2 համակարգեր: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի ռուս-բելառուսական «Արևմուտք - 2021» համատեղ զորավարժությունների անցկացման վայր: Այս անգամ 4 տարին մեկ անցկացվող զորավարժանքին մասնակցում է մոտ 200.000 զինվորական:
ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄՆԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆ. ՊԵՍԿՈՎ
Մեկնաբանելով Ռուսաստանի և Բելառուսի միջև Միութենական պետության մասին պայմանագրի կատարման վերաբերյալ նոր հրամանագրի ստորագրումը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սպառնալիքներին վստահ և կոշտ պատասխան տալու համար միութենական պետության երկրները պետք է մնան ինքնիշխան պետություններ, ինչը կարող են իրենց թույլ տալ ոչ բոլորը:
«Հավանբար իրական ինքնիշխանությունը, այսինքն՝ ինքնուրույնությունը միջազգային ասպարեզում, թանկ արժե։ Նման շքեղություն կարող են իրենց թույլ տալ ոչ բոլոր երկրները»,- ասել է Պեսկովը:
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԹԵՎԱՎՈՐ ՀՐԹԻՌ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ
Երկար դադարից հետո Հյուսիսային Կորեան փորձարկել է թևավոր հրթիռ: Հրթիռի հեռահարությունը կազմել է 1500 կմ: Նոր հրթիռի փորձարկումը մտահոգում է Ճապոնիային: ԱՄՆ-ը հայտարարել է, որ Փհենյանի այդ քայլը սպառնալիք է միջազգային հանրության համար, և նշանակում է, որ Հյուսիսային Կորեան շարունակում է ջանքեր գործադրել իր ռազմական ծրագրի զարգացման ուղղությամբ:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՉԻ ՊԱՀԱՆՋԻ «ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ»
Մեծ Բրիտանիան որոշել է առայժմ չպահանջել «պատվաստման անձնագրեր» գիշերային ակումբներ, պարահրապարակներ և նմանատիպ այլ վայրեր այցելողներից՝ հրաժարվելով ավելի վաղ ընդունված որոշումից։ Միացյալ Թագավորության առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդի խոսքով՝ կառավարությունն առայժմ վճռել է հետաձգել այդ որոշման կիրառումը, սակայն հնարավոր է փոփոխություն, եթե կորոնավիրուսի տարածումը կտրուկ աճի: Եվրոպական որոշ երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում ու Իտալիայում, անձի պատվաստված լինելը վկայող անձնագրերը հանրային վայրերում պարտադիր են: