Սեպտեմբերի 15 ից Սևանում կմեկնարկի սիգի հավելյալ որսը: Այս պահին «Սևան» ազգային պարկում ստացվել է որսի թույլտվության 135 հայտ: Շրջակա միջավայրի նախարարության առաջարկով Կառավարությունը որոշում կայացրեց, որսաշրջանի ժամկետի ավարտը սեպտեմբերի 1-ի փոխարեն երկարաձգել մինչև հոկտեմբերի 15-ը: Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը համաձայնել է, որ ևս 50 տոննա հավելյալ ձուկ կարելի է որսալ՝ պայմանով. ձկնագողություն պետք է չլինի:
Բարդուխ Գաբրիելյան (ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն) - Եթե 50-ով կեզրափակվեն, և հավելյալ կողքից որս չի կատարվի, ապա դա այդքան ազդեցություն չի ունենա:
Նախապես թույլ էր տրվել որսալ 250 տոննա ձուկ, սակայն որսացել էին 210-ը: Թույլատրված, սակայն չորսված 40 տոննա ձուկը և հավելյալ 50 տոննան կբաշխեն բոլոր հայտատուների միջև: Այս ծավալի որսը չի ազդի կենդանու վերարտադրողականության վրա՝ ասում է մասնագետը: Սովորաբար սիգը ափամերձ տարածքներում ձվադրում էր անում հոկտեմբերի սկզբներին: Վերջին տարիներին գիտնականները նկատել են, որ ձվադրման շրջանը սկսվում է հոկտեմբերի կեսից հետո: Այս հանգամանքը ևս թույլ է տալիս, որ որսի ժամկետները երկարաձգվեն:
Սևանում ձուկ կա՝ վստահ է շրջակա միջավայրի նախարարը:
Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - «Սևան» ազգային պարկի, ինչպես նաև մեր մոնիտորինգի համապատասխան ծառայության տվյալներով՝ էականորեն աճ ունենք ձկնապաշարների, մասնավորապես, սիգի, նաև Սևանի իշխանի պոպուլյացիան է որոշակի աճ գրանցել:
Տարվա ընթացքում շուրջ 620 հազար մանրաձուկ է լցվել Սևան՝ ասում է նախարարը: Սևանում ձկան պաշարների ավելացմանը նպաստել են սիգի արդյունագործական պաշարների որսի փոփոխված պայմանները:
Ռոմանոս Պետրոսյան - Մենք հաստատուն քայլերով գնում ենք մի հանգրվանի, երբ կկարողանանք ձկնագողության դեմն առնել: Իհարկե, դա զուգորդելով վերահսկողական գործիքակազմերի խստացմամբ և հենց իրենց՝ ձկնորսների վարքագծի վրա ներազդելով, ինչպես նաև այնպիսի պայմաններ ապահովելով, որ իրենք արդեն չգնան նման ռիսկերի:
Հավելյալ ձկան որսին զուգահեռ «Սևան» ազգային պարկը նաև շուրջօրյա հսկողություն է իրականացնում: Թե որսաշրջանի ավարտին որքան պաշար կմնա Սևանում՝ մասնագետները կհաշվեն տարեվերջին: