Նարինե Աբգարյանի լուսավոր ու Տավուշ աշխարհի կենարար ուժով լեցուն գրականությունը կինոյի վերածելու գաղափարն առաջին ընթերցումից մինչև ավարտուն ֆիլմը ռեժիսոր Հայկ Օրդյանից 5 տարիների ստեղծագործական տքնաջան աշխատանք պահանջեցին: Ի սկզբանե ռեժիսորը մտածում էր ռուսական արտադրության մասին, բայց շատ արագ հասկացավ՝ «Զուլալին» կնկարվի միայն Հայաստանում:
Ռեժիսորը բնավ պատահական չէ, որ խոսում է ֆիլմի ոդիսականից: Նկարահանումների մեկնարկից կարճ ժամանակ անց կինոնախագծին մեծ փորձություններ էին սպասվում. համավարակն էր, հետո՝ պատերազմը: Համավարակի հարկադիր պարապուրդի ընթացքում «Զուլալին» կորցրեց ամերիկյան համարտադրողին, ապա նաև պարզապես փակվելու վտանգի առաջ էր: Դրությունը փրկեց Հանրային հեռուստաընկերությունը՝ որպես համարտադրող միանալով Ազգային կինոկենտրոնին, և կինոն ու հեռուստատեսությունը վերագտան միմյանց:
Չնայած բարդ ու փորձություններով լեցուն ստեղծագործական ընթացքին՝ «Զուլալիի» թիմն աշխատել է մեծ ոգեշնչումով ու նվիրումով: Այն, ինչ ստացել են ավարտուն ֆիլմում, ռեժիսորի գնահատմամբ՝ համահեղինակության իրավունք է տալիս ամբողջ թիմին: Զուլալիի դերակատար Հերմինե Ստեփանյանը հիշում է՝ դրվագ առ դրվագ ամբողջացրել են կինոպատումը:
Ստեղծագործական թիմի անդամներն առավելապես տավուշցիներ են՝ Նարինե Աբգարյանից մինչև գլխավոր դերակատարը; Տավուշցիների ընկերախմբին միացել են նաև Այգեձորի ու Նավուրի բնակիչները՝ տավուշյան կենսունակությամբ ու գույներով հարստացնելով «Զուլալիի» պատմությունը:
Արդեն հոկտեմբերին «Զուլալին» մեծ էկրան կբարձրանա: Մինչև հոկտեմբերյան նրամուտը ֆիլմի պրոդյուսերական թիմն արդեն մշակում է ֆիլմի փառատոնային օրակարգը՝ համակողմանիորեն քննարկելով, թե որ փառատոնից «Զուլալին» կսկսկի իր էկրանային պատմությունը: