Հոկտեմբերի 17-ին հանրապետության 6 մարզի 9 համայնքում ՏԻՄ ընտրություններ են լինելու: Դրանց մասնակցել ցանկացող քաղաքական ուժերին ԿԸՀ-ն երեկ՝ մինչև ժամը 18:00-ն, վերջնաժամկետ էր տվել: Փաստաթղթերի ընդունումն արդեն ավարտված է:
Սկսենք Սյունիքից: Հայաստանի հարավային մարզում հոկտեմբերի 17-ին ավագանի կընտրի միանգամից 4 համայնք՝ Գորիսը, Մեղրին, Տաթևը և Տեղը: Քաղաքական ուժերն առաջին անգամ պայքարի են դուրս գալու համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով:
Ամենաթեժ մրցակցությունը, ըստ կանխատեսումների, թերևս հենց Գորիսում է սպասվում: Գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված է: Ըստ նախաքննական մարմնի՝ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու համար կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Առուշանյանը նախապատրաստել էր ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրօրենսգրքի մի քանի հոդվածով։ Չնայած այս հանգամանքին՝ գործող քաղաքապետը կալանավայրից է միանալու ընտրապայքարին ու գլխավորելու է «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների դաշինքը: Այն կկոչվի հենց «Առուշ Առուշանյան»:
Գորիսում ավագանի ձևավորելու ու քաղաքապետ ունենալու պայքարի մեջ է մտնում նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը։ ՀԱԿ-ի ցուցակը կգլխավորի Գորիսի պետական քոլեջի տնօրեն, գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը:
Ազգային ժողովի վերջին ընտրության ժամանակ Գորիսում ամենաշատ քվե ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Իշխող ուժը մասնակցելու է նաև ՏԻՄ ընտրությանը, ավագանու ցուցակը այստեղ գլխավորելու է Վլադիմիր Աբունցը:
4-րդ ուժն էլ, որը կպայքարի Գորիսում ավագանի ձևավորելու համար, Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է:
Մեղրիի ավագանու ընտրությանը մասնակցելու համար տարածքային ընտրական հանձնաժողովը 4 ուժից է դիմում ստացել: Այստեղ պայքարի մեջ են մտնելու «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Ազատական» ու նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցությունները: Վերջինի հիմնադիրներն են Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարարներ Մեսրոպ Առաքելյանը ու Մանե Թանդիլյանը։
Մեղրիի համայնքապետի աթոռը թափուր է հուլիսից, երբ հրաժարական տվեց Մխիթար Զաքարյանը: Նախկին քաղաքապետը թեև «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ է ստացել, բայց կալանավորված է արդեն երկու ամիս: Մեղադրվում է պաշտոնական կեղծիքի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Գործը, ըստ իրավապահների, համայնքին պատկանող արգելոցից հողատարածք օտարելու մասին է:
Տաթևի ավագանու ընտրությանն էլ, ըստ տարածքային ընտրական հանձնաժողովի, պայքարելու է 3 կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» և «Շանթ-դաշինք» քաղաքական ուժերը:
Տեղ համայնքում էլ կմրցեն «Ապրելու երկիրն» ու «Քաղաքացիական պայմանագիրը»:
Հաջորդ մարզը Շիրակն է. այստեղ ավագանի են ընտրելու գյումրեցիները: Քաղաքային իշխանություն ձևավորելու, նաև քաղաքապետի աթոռի համար պայքարելու է միանգամից 10 ուժ՝ 3 դաշինք, 7 կուսակցություն:
Ավագանու ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել երեք կուսակցության միավորմամբ ստեղծված նոր՝ «Գյումրին կռնա» դաշինքը։ Ցուցակը գլխավորելու է քաղաքի հյուրանոցներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանը:
Այս պայքարին «Հայրաքաղաք» դաշինքով են գնում նաև «Ժառանգություն» և Ռամկավար ազատական կուսացությունները: Նրանց քաղաքապետի թեկնածուն Ժուռնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն է:
Նորաստեղծ «Թասիբով» դաշինքն էլ է միանալու պայքարին: Այն գլխավորում է ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքը ներկայացրած Կարապետ Պողոսյանը:
Սա դաշինքներն էին, կուսակցություններից էլ ընտրապայքարին են մասնակցում «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ Գյումրու Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանի գլխավորած ցուցակով:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցությունը ևս կմասնակցի ընտրությանը, նրանց ցուցակը կգլխավորի ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանը:
Պայքարին միանում է նաև իշխող ուժը: «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորելու է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:
Ընտրապայքարին մասնակցելու են նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական, «Արժանապատիվ ուղի», Հայաստանի կոմունիստական և «Ապրելու երկիր» կուսակցությունները:
Հոկտեմբերի 17-ը ընտրական կլինի նաև Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի համար: Այստեղ 5 ուժ է հայտ ներկայացրել պայքարին՝ «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր», «Քաղաքացու որոշում», «Հանրապետություն» և «Հայրենիք» կուսակցությունները:
Նույն օրը, բայց արդեն մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունը կանցկացվի նաև Արագածոտնի Շամիրամ, Արմավիրի Ֆերիկ և Լոռու Ֆիոլետովո համայնքներում: