Փոփոխություններ են սպասվում Աֆղանստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում: Նախատեսվում է երկրորդական առարկաները փոխարինել ավելի ժամանակակից առարկաներով, որպեսզի աֆղանստանցի երիտասարդները կարողանան մրցել այլ երկրների ուսանողների հետ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Khaama Press գործակալությանը:
Միաժամանակ մեկ ուրիշ լրատվական՝ Tolo News-ը, հայտնել է, որ թալիբները պատրաստվում են աֆղանական համալսարանների ծրագրերից հեռացնել շարիաթի օրենքներին հակասող առարկաները:
Կրթական համակարգի նոր փոփոխություններում հակասություն կա նաև իգական սեռի ուսման հարցում:
Թալիբները հայտարարել են, որ կանայք կկարողանան ուսումը շարունակել բարձրագույն կրթության հաստատություններում, բայց ստիպված կլինեն կրել հիջաբ և սովորել արական սեռի ուսանողներից առանձին:
Աֆղանստանի նոր կառավարության բարձրագույն կրթության նախարար Աբդուլ Բաքի Հաքանին, սակայն, չի հստակեցրել՝ կանայք պետք է ծածկեն միայն մազե՞րը, թե՞ ամբողջ դեմքը:
Նա նաև նշել է, որ եթե բարձրագույն ուսումնական հաստատություններում կին դասախոսների պակաս զգացվի, կդասավանդեն տղամարդիկ՝ վարագույրի ետևում կամ տեխնիկայի օգնությամբ:
Չնայած թալիբները փորձում են համոզել, որ 20 տարի անց կանանց նկատմամբ շարիաթի օրենքները համեմատաբար մեղմացել են, միջազգային հանրությանն առայժմ պարզ չէ, թե գործնականում դա ինչպես կարտահայտվի: