Սեպտեմբերի 9-11-ը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հորդանանում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը մասնակցել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության հիմնադրման 100-ամյակին նվիրված՝ հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին:
Հորդանանի մշակույթի նախարարի հովանու ներքո անցկացված միջոցառումներին իրենց մասնակցությունն են բերել հայ համայնքի մշակութային և հայրենակցական միությունները:
Բացման հանդիսավոր նիստին նախորդել է Հորդանանի մշակույթի նախարար Ալի ալ-Այեդի և ՀՀ դեսպանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են խորացնել մշակութային համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին 2021-2026 թվականների համար» գործնական ծրագիրը:
Միջոցառումների մեկնարկի հանդիասավոր արարողությանը մասնակցել են Հորդանանի Հայոց թեմի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Տեր Ավետիս Մաթեոս Իփրեջյանը, Հորդանանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: