Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խոշորացույցի տակ պահել առևտրի կենտրոնները, վարսավիրանոցներն ու դեղատները: Պատճառը երկրում կորոնաիրավիճակն է: Խախտումներն ու դրանք վերացնելու հորդորները նույնն են գրեթե բոլոր տեղերում:
Նոնա Հայրապետյան (ԱԱՏՄ Երևանի սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ) - Հիմնական խնդրահարույց կետերը դիմակների չկրումը կամ ոչ ճիշտ կրումն է, ինչպես նաև ախտահանիչ միջոցների առկայության և ոչ առկայության խնդիրը, կամ եթե կան, չի համապատասխանում տոկոսայնությունը: Հաճախ չի կատարվում արտաքին մակերեսների ախտահանում, չկան գծանշումներ, որոնցով պետք է խոչընդոտվի կուտակումների հարցը:
Նոնա Հայրապետյանը նաև դրական միտում է տեսնում, ասում՝ տնտեսվարողներից շատերը խանութներում կորոնաիրավիճակը վերահսկող պատասխանատու են նշանակել, ինչն օրինակելի է, ու պետք է մյուսներն էլ հետևեն: Մինչդեռ աշխատակիցների բողոքը նույն բովանդակությունն ունի:
Մարզերում էլ վիճակը ոգևորող չէ. հատկապես մեծ քաղաքներում, որտեղ դիմակ չկրելը, խանութի ներսում չախտահանվելն ու հաճախորդին չջերմաչափելը համատարած խնդիր են: Վերջին օրերին մարզային տեսուչները մեկ անգամ չէ, պարբերաբար են նույն խանութը մտնում, հակահամաճարակային կանոնների մասին հիշեցնում:
Նոնա Հայրապետյան - Հիմնականում խնդիրը քաղաքացիների մոտ է, երբ մուտք գործելիս չունեն, հետևաբար խնդիր է առաջանում տնտեսվարող սուբյեկտ-քաղաքացի հարաբերություններում: Չի պահպանվում նաև ախտահանման գործընթացը, չի պահպանվում ախտահանիչ լուծույթների տոկոսայնությունը:
Կենտրոնում տեսուչների աչքից ոչինչ չվրիպեց: Մի տեղ հաճախորդների համատարած դիմակ չկրելու, մյուսում՝ ախտահանիչ միջոցների բացակայության հետ կապված նախազգուշական արձանագրություն կազմեցին, տնտեսվարողին էլ հիշեցրին՝ եթե թերությունները չվերացնեն, ստիպված կլինեն 100-300.000 դրամի չափով տուգանք վճարել: