Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 30-ամյակի տոնական միջոցառումները կկազմակերպի «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը:
Կառավարությունը միջոցառման իրականացման համար գումար չի հատկացնի, ընկերությունը ինքն է մասնավոր հովանավորների միջոցով իրականացնելու:
Աշոտ Առաքելյան («Դոմինո փրոդաքշն» ընկերության հիմնադիր) - Մենք նախագիծ էինք ներկայացրել, մշակել վաղուց, շատ շուտվանից և վերջերս ներկայացրել էինք Կառավարության, որտեղ միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի ժամանակ քննարկվել է, և մեր միջոցառման գաղափարը արժանացել է հավանության: Անշուշտ, դրա մեջ որոշ փոփոխություններով, որոշ առաջարկներով:
Թե որքան գումար է ծախսվելու՝ կազմակերպիչները չբարձրաձայնեցին՝ նշելով, որ հաշվի առնելով իրավիճակը՝ գործընկեր կազմակերպությունները անհամեմատ ավելի լավ պայմաններով են աշխատանք կատարելու:
Աշոտ Առաքելյան - Միջոցառման ամբողջ ֆինանսավորումը մասնավոր ընկերությունների հովանավորությամբ է, ի դեպ, ասեմ՝ ոչ միայն ընկերությունների, նաև անհատների և այլն, որոնց մի մասը, որպես բարեգործական սկզբունքով մոտեցում, չեն էլ ուզել, որ գովազդվեն:
Ինչ վերաբերում է միջոցառման խորագրին՝ «Հայրենիքիս հետ», դա կապված է այս վիճակում երկրի կողքին լինելու մարդկանց պատրաստակամության հետ:
Աշոտ Առաքելյան - Եթե մոտ 450 արտիստ, որ բեմում է լինելու, և մոտ 500-ից ավելի տեխնիկական թիմ, որն աշխատելու է հետնաբեմում, հարցնեք՝ իսկ դու դա ինչի՞ համար ես անում, ինքը կասի, վստահ եմ գրեթե, որ անում եմ՝ հայրենիքիս համար: Այդ «հայրենիքիս համար» հասկացողությունը, որը պրոյեկտենք, միավորենք, կստացվի, որ բոլորը հայրենիքի հետ են:
Միջոցառման ընթացքում հնչելու են բացառապես սիմֆոնիկ նվագախմբով և երգչախմբով կատարումներ, հայկական տարբեր ժամանակների հայրենասիրական կատարումներ, ինչպես նաև թատերական բեմականացված մաս է նախատեսվում: Թե ովքեր են մասնակցելու՝ կազմակերպիչները դեռևս փակագծեր չեն բացում:
Աշոտ Առաքելյան - Ծրագրի ընթացքում կա նաև ակնարկ մեր 30 տարվա պատմության ընթացքում մեր ձեռքբերումների, մեր հաղթանակների, մեր անկախությունը գիտակցելու արժեքին, որը, կարծում եմ, մշակույթի ու այս առումով՝ նաև կրթական սկզբունքով ճիշտ է մատուցել եկող սերունդներին, ճիշտ է մատուցել էս դժվար շրջանում ժողովրդին, որպեսզի ևս մի անգամ բարձրանա գիտակցությունը, թե ինչ է հայրենիքը:
Միջոցառումը տեղի կունենա Հանրապետության հրապարակում ժամը 20-ից սկսած և կտևի մոտ մեկուկես ժամ: Իսկ ինչ վերաբերում է հրավառության վերաբերյալ հնչող շահարկումներին՝ Առաքելյանը այն բացարձակ անհեթեթություն համարեց:
Աշոտ Առաքելյան - Հրավառություն ընդհանրապես չի լինելու, ու դա սկզբունքային է եղել թե՛ մեր կողմից, թե՛ Կառավարության կողմից: Ու հանրության մեջ տարածել, որ լինելու է հրավառություն, լինելու է նույն՝ որպես այդպիսին, գունագեղ միջոցառում, որը մարդիկ հիմա օգտագործում են այդ բառը, ես կարող եմ մեկնաբանել հետևյալը. որ միջոցառումը լինելու է լույսերի ներքո, իսկ լույսը իրենից ներկայացնում է գույն, ու միջոցառումը լինելու է բացառիկ գեղեցիկ:
Թեպետ պետբյուջեից միջոցներ չեն հատկացվել, Կառավարությունը և իրավասու պետական գերատեսչությունները հնարավոր ամեն ինչով աջակցում են, որպեսզի միջոցառումը նորմալ ընթանա:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան