Անգլիայի Առողջապահության ազգային ծառայությունը երկուշաբթի հայտարարել է, որ սկսում է քաղցկեղի 50 տեսակի վաղ հայտնաբերման նոր մեթոդի լայնածավալ փորձարկում: Ակնկալվում է, որ արյան անալիզը կկարողանա պարզել հիվանդության առկայությունը նախքան անձի մոտ առաջին ախտանիշների ի հայտ գալը՝ հայտնում է BBC-ն:
Ուսումնասիրությանը, որը կտևի երկու տարի, կմասնակցի 50-77 տարեկան 140,000 կամավոր:
«Այս թեստը կարող է հեղափոխություն անել քաղցկեղի ախտորոշման հարցում»,- ասել է, ծրագրի ղեկավար, Լոնդոնի թագավորական քոլեջի ուռուցքաբանության պրոֆեսոր Պիտեր Սասիենին:
Եթե քաղցկեղը հայտնաբերվի վաղ փուլում, կարող է կտրուկ մեծացնել ուռուցքի բուժման հավանականությունը:
Ներկայումս քաղցկեղն ախտորոշվում է հյուսվածքի մի հատվածի կենսաքիմիական հետազոտության (բիոպսիա) միջոցով, սակայն այդ քայլին չեն դիմում առանց ախտանիշների առկայության: Այնինչ, ըստ մասնագետների, նախ՝ դա բարդ գործընթաց է հատկապես թոքերի, միզապարկի և շագանակագեղձի քաղցկեղի դեպքում, և երկրորդ՝ հայտնի չէ, թե այն որտեղ փնտրել:
Նոր մեթոդը հիմնված է արյան բջիջների ԴՆԹ կառուցվածքում վաղ հայտնաբերված փոփոխությունների վրա:
«Ամբողջ աշխարհում շարունակվում է արյան անալիզի միջոցով քաղցկեղի ախտորոշման տեխնոլոգիաների որոնումը, սակայն մինչ այժմ այն հետազոտության փուլում է: Նոր մեթոդը խոստումնալից է հատկապես քաղցկեղի այն տեսակների ախտորոշման համար, որոնց ակնհայտ նշաններն ու ախտանիշները երկար ժամանակ չեն դրսևորվում»,- BBC-ին ասել է Առողջապահության ազգային ծառայության ուռուցքաբանության տնօրեն Քելլի Պալմերը: