Ադրբեջանի ոստիկանությունը սեպտեմբերի 12-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում սկսել է կանգնեցնել իրանական պետհամարանիշներով մեքենաները և ստուգել տեղափոխվող բեռի փաստաթղթերը:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից հաղորդում են, որ այժմ ԱԱԾ սահմանապահ զորքերը և ռուսական կողմն աշխատանքներ են տանում առաջացած իրավիճակը կարգավորելու համար:
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր «Լուրեր»-ին հայտնեց, որ զրուցել է ԱԱԾ ղեկավարի հետ: Խնդիրը փորձում են կարգավորել եռակողմ բանակցությունների միջոցով:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Այս պահին Հայաստանի քաղաքացիների տրանսպորտային միջոցներով երթևեկելուն վտանգ չի սպառնում: Խնդիրներ են եղել, որոնց հետ կապված քննարկում կլինի եռակողմ: Եվ այստեղ կգտնվի ձևաչափ, որպեսզի նման իրավիճակից խուսափենք: Նման լարվածության օջախներ կլինեն, սակայն պետք է միասնական դրանք հաղթահարենք:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը ոստիկանական կետ էր տեղադրել Գորիս-Կապան ավտոճանապարհի այս հատվածում:
Որոշ տեղեկությունների համաձայն, ադրբեջանցի ոստիկանները ոչ միայն ստուգում են վարորդների փաստաթղթերը, այլև գումար են պահանջում: Այդ մասին է գրում նաև հայ-իրանական առևտրային պալատը:
Հայ-իրանական առևտրային պալատ
«Սեպտեմբերի 12-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ուժայինները իրանցի վարորդներից երթը շարունակելու համար 221 մանաթ (130) դոլար են պահանջում»:
Կառույցն իր Թելեգրամյան ալիքում նաև ադրբեջանական կողմի տրամադրած անդորրագրի լուսանկար է տեղադրել:
Իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն, որում ասված է, որ իրանական մեքենաները պարտավոր են վճարել ճանապարհի հարկ, ինչպես նաև պետական հարկ:
Դրան զուգահեռ ադրբեջանական կողմը նամակներով դիմել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և Արցախի խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ պնդելով, թե երրորդ երկրների համարանիշներով ավտոմեքենաները իրավունք չունեն մուտք գործել Արցախ: Պաշտոնական Ստեփանակերտը դա համարում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները խախտելու հերթական փորձը:
Դավիթ Բաբայան (Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար) - Ադրբեջանը նման քայլերի դիմելու է: Սա նորություն չէ: Նույնիսկ այդ նոյեմբերի 9-ի պայմանագրով նշված է, որ կոմունիկացիաները պետք է աշխատեն: Սա հերթական փորձն է՝ խախտել մարդասիրական իրավունքը: Ինչ է նշանակում՝ թույլ չտալ:
Սա ադրբեջանական կողմի առաջին սադրանքը չէ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին: Շաբաթներ առաջ Ադրբեջանի զինված ուժերը փակել էին ճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածը: Ռուսական կողմի մասնակցությամբ բանակցություններ էին սկսվել, ինչի արդյունքում մայրուղին կրկին սկսել էր գործել: