2021 թվականի սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 924 զանգ:
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 13 ելք: Հրդեհի 5 դեպք գրանցվել է Մարտակերտի շրջանում, այրվել է անասնաֆերմա և չոր խոտածածկ տարածք, 3-ը՝ Մարտունու շրջանում, Ասկերանում հրդեհ է բռնկվել աղբանոցում: Ստեփանակերտում արձանագրված 5 հրդեհներից մեկը բռնկվել է Բաղրամյան փողոցին հարակից տարածքում. այրվել է չոր խոտածածկ տարածք, ծառեր և թփուտներ:
Ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ գրանցվել է 1 հաղորդում: Տուժել է 3 քաղաքացի: Փրկարարները բժիշկների և ոստիկանության ծառայողների օգնությամբ նրանց տեղափոխել են բուժհաստատություն: Նրանց առողջական վիճակը բավարար է:
Շաբաթվա ընթացքում ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը, ռուսական խաղաղապահ զորակազմի սակրավորները, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը և The Halo Trust ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը Արցախի Հանրապետության տարածքում իրականացրել են ինժեներահետախուզական աշխատանքներ:
Յոթ օրվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորների կողմից ականազերծվել է 4 հա տարածք, վնասազերծվել՝ հակատանկային 4 ական, կասետային 50 հրթիռ, 5 ավիառումբ, նռնականետի ՊԳ-7 տիպի 13 նռնակ:
Նշված ժամանակահատվածում 911 ահազանգման կենտրոնում ստացվել է տեխնածին բնույթի 40, սոցիալ-կենցաղային՝ 36 կանչ և գրանցվել՝ տարերային 5 պատահար:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փրկարարները կատարել են 5 ելք: Զինադադարից հետո հայտնաբերվել և տարհանել է ընդհանուր 1663 աճյուն:
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում: