ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ԱԺ նիստում առաջարկեց քննարկում կազմակերպել Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական զինված ուժերի ապօրինի գործողությունների հարցով:
«Ելնելով նրանից, որ մենք խորհրդարանական կառավարման երկիր ենք, «Հայաստան» խմբակցությունը պահանջում է անպայման գտնել ձևաչափ՝ քննարկում կազմակերպելու, որպեսզի մենք կարողանանք, ի վերջո, հավուր պատշաճի հասկանալ, թե ինչ է կատարվում, մանավանդ որ ԱԱԾ-ի հայտարարությունն արդեն ամբողջական օգտագործում է ադրբեջանական տերմինաբանություն»,- ասաց խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նույն խմբակցության անդամներից Գեղամ Մանուկյանն էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեց՝ արդյոք իշխանությունը պատրաստվո՞ւմ է արձագանքել առաջարկին և ԱԱԾ տնօրենին հրավիրել ԱԺ:
«Պարո՛ն Մանուկյան, այս օրերի ընթացքում Դուք պետք է նկատած լինեք, որ իմ կողմից աշխատելաոճ է որդեգրվել, որ հնարավոր բոլոր դեպքերում որևէ ձևով չմերժել և բոլոր հնարավորություններն օգտագործել: Ինչպես պարոն Մինասյանն առաջարկեց, այդ հարցը կքննարկենք ձևաչափի առումով, չեմ բացառում, որ առաջարկը կընդունվի»,-ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: