Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի աթոռը դարձյալ թափուր մնաց. իշխանական պատգամավորները կրկին դեմ քվեարկեցին երրորդ անգամ առաջադրված Արթուր Ղազինյանի թեկնածությանը:
«Քաղաքացիական պայմանագիրը» Ղազինյանի թեկնածությունը մերժել էր նաև օգոստոսի 31-ի և սեպտեմբերի 6-ի նիստերում: «Հայաստան» խմբակցությունն այս անգամ նույնիսկ պատգամավորի կենսագրությունը չներկայացրեց, հանձնաժողովը միանգամից անցավ հարցի քննարկմանը: Քաղպայմանագրից Վահագն Ալեքսանյանը հիշեցրեց՝ Ղազինյանը տատանվել էր իր ունեցած գումարի մի մասը հայտարարագրելու հարցում:
Վահագն Ալեքսանյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Արթուր Ղազինյանի անձի հետ, որն, ինչպես ինքն է ասում, ունի երկու չքնաղ դուստր, այդ չքնաղ դուստրերի հայր Արթուր Ղազինյանի հետ ես բացարձակապես ոչ մի խնդիր չունեմ, բայց քաղաքական գործիչ Արթուր Ղազինյանի հետ, որ տատանվում է օրենքի պահանջը կատարի, թե չկատարի, հայտարարագրի այդ շատ մեծ գումարը, որն ինքն ունի, թե չէ, այդ մարդուն կընտրեք, թե՞ ոչ: Հատկապես, որ պարոն Քոչարյանը նշեց՝ մենք չգիտենք, թե այդ գումարն ինչ ընկերությունում է վաստակել, իր կենսագրության մեջ չկա նշած:
Ղազինյանը վստահեցրեց՝ ֆինանսական միջոցները թաքցնելու մտադրություն չի ունեցել:
Արթուր Ղազինյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր - Եթե ես որոշեի ինչ-որ բան թաքցնել, ապա վստահ եղեք՝ որևէ մեկը դա չէր կարող հայտնաբերել: Դրա ցանկությունը չկար, ինչի՞ համար, եթե կարելի է ամեն ինչ շատ նորմալ, բաց անել: Ես 11-12 տարի պետական ծառայության մեջ չեմ եղել, ազատ մարդ եմ եղել:
Իշխանական խմբակցության հաջորդ փաստարկը թեկնածուի գրառումների առնչությամբ էր: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին մտահոգել են վարչապետի և 44-օրյա պատերազմի վերաբերյալ Արթուր Ղազինյանի հրապարակումները:
Անդրանիկ Քոչարյան, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - «Իրենց սադրած վերջին պատերազմը. զոհվեցին ու վիրավորվեցին տասնյակ հազարավոր...» ապատեղեկատվություն, ակնհայտ է, պարոն Ղազինյանն է գրել, որը չի տիրապետում այդ տեղեկատվությանը, երբ հստակ թվերն արդեն հնչեցված են: Որպես պատգամավոր շարունակեք, ոչ մեկ չի խանգարում, բայց ձեր կարգավիճակն ու մտածողությունն ինձ մտահոգում է:
Հարցի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագրի» անդամները հորդորեցին հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում հաջորդ անգամ առաջադրել այլ պատգամավորի: Դոնթի բանաձևով՝ ընդդիմադիր խմբակցությանը տրվում է 5-օրյա ժամկետ՝ նոր թեկնածու առաջադրելու համար:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան