Մեծ Բրիտանիան որոշել է առայժմ չպահանջել «պատվաստման անձնագրեր» գիշերային ակումբներ, պարահրապարակներ և նմանատիպ այլ վայրեր այցելողներից՝ հրաժարվելով ավելի վաղ ընդունած որոշումից։ Միացյալ Թագավորության առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդի խոսքով՝ կառավարությունն առայժմ վճռել է հետաձգել այդ որոշման կիրառումը, սակայն հնարավոր է փոփոխություն, եթե կորոնավիրուսի տարածումը կտրուկ աճի:
Սաջիդ Ջավիդ, ՄԹ առողջապահության նախարար - Վարակը չի անհետացել, այն դեռ կա, հետևաբար՝ պետք է զգույշ լինել: Ինձ դուր չի գալիս միտքը, որ մարդիկ ամեն օր փաստաթուղթ պետք է ցույց տան, բայց մենք դա միշտ կպահենք որպես այլընտրանքային տարբերակ:
Եվրոպական որոշ երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում ու Իտալիայում, անձի պատվաստված լինելը վկայող անձնագրերը հանրային վայրերում պարտադիր են: Դրա կիրառումից հետո Իտալիայում դպրոց է վերադարձել 4 միլիոն աշակերտ և աշխատակից:
Պատրիցիո Բիանչի, Իտալիայի կրթության նախարար - Առավոտից ստուգվել է 900.000 փաստաթուղթ: Եթե հաշվի առնենք, որ 8000 դպրոցից 4500-ը վերաբացվել է, կարձանագրենք, որ դա հսկայական ձեռքբերում է:
Սեպտեմբերի 13-ից խստացվել են հակահամաճարակային սահմանափակումները նաև Հունաստանում: Նրանք, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, այսուհետև չեն կարող այցելել հանրային սննդի կետեր և զվարճանքի վայրեր, իսկ տրանսպորտից օգտվելու համար անհրաժեշտ է պարբերաբար հանձնել ՊՇՌ թեստ: Սահմանափակումները տարածվում են նաև զբոսաշրջիկների վրա: Հունաստանի իշխանությունները պնդում են, որ այս խստացումներն անհրաժեշտ են կորոնավիրուսի չորրորդ ալիքի դեմ պայքարի համար: Հունաստանում արդեն պատվաստվել է բնակչության 60 տոկոսը:
Ընդամենը մի քանի օրում երիտասարդների շրջանում պատվաստումների բարձր ցուցանիշ է գրանցել Պորտուգալիան: Նրանց 80 տոկոսն ստացել է պատվատանյութի երկրորդ դեղաչափը: Պատվաստվում են նաև 12-15 տարեկան պատանիները: Առաջին դեղաչափն ստացել է բնակչության 86 տոկոսը, ամբողջովին պատվաստվել՝ 79-ը:
Օրեր առաջ Դանիան, որտեղ պատվաստվել է բնակչության ավելի քան 75 տոկոսը, չեղյալ է համարել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բոլոր սահմանափակումները: