Արցախի Դահրավ գյուղում շարունակվում է 100 տուն Արցախում ծրագիրը: Կառուցվում են առաջին ալիքի ֆինանսավորած՝ առաջին տան պատերը: Եվս 4-ի հիմքերը պատրաստ են: Արագ հավաքովի փայտե տները երեսպատվելու են տուֆով: Ծրագրի ավարտին այստեղ կապրի 2020-ի պատերազմի հետևանքով տեղահանված 100 ընտանիք:
Սամվել Մովսիսյան («100 տուն Արցախում» նախաձեռնության համահիմնադիր) -100 տուն Արցախում նախագիծը շատ կարևոր ու պատմական ծրագիր է, քանի որ այս ծրագրի միջոցով մենք միայն տներ չենք կառուցում, նաև սրա միջոցով մենք ուզում ենք հավատ ներշնչել մեր հայրենակիցներին Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, որպեսզի մենք միասին կարողանանք սովորական քաղաքացիներով իրականացնել նմանատիպ ծրագիր: Ծրագրի ընթացքը դժվար է, հեշտ չէ, բայց մենք հաստատակամ ենք, պատրաստակամ ենք շարժվել և գնալ մինչև վերջ:
Եվս մեկ տեղահանված ընտանիք Արցախում սեփական տանիքը կունենա «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ 10 միլիոն դրամ նվիրատվության շնորհիվ: Ի դեպ, «Երեմյան Փրոջեքթսը» առաջին կոմերցիոն ընեկրությունն է, որը միացել է նախագծին:
Դավիթ Երեմյան («Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր-տնօրեն) - Նախաձեռնությանը միացել է ամբողջ թիմը, այս ֆինանսավորումը մեր թիմի ներդրումն է: Եվ մենք պարտավոր ենք մեզ զգում նման նախաձեռնություններին մասնակից լինելը:
Դավիթ Երեմյանը Դահրավում է շինարարության ընթացքին հետևելու և տարածքի հնարավորություններին ծանոթանալու համար: Կայցելի նաև, երբ տունը շահագործման հանձնեն:
Դավիթ Երեմյան - Թիմակիցների հետ խոսելիս ասել ենք, որ տնօրհնեքին մենք անպայման ներկա ենք լինելու:
100 տուն Արցախում ծրագիրն իրականացվում է «Ապրելու Արցախ» հիմնադրամին ուղղված նվիրատվություններով: Շինարարության մի մասն իրականացվում է Արցախի կառավարության ֆինանսավորմամբ:
Արամ Սարգսյան (Արցախի քաղաքաշինության նախարար) - Կառավարության կողմից իրականացվում են բարեկարգման, հողային աշխատանքները, տան հիմքի կառուցման աշխատանքները և ենթակառուցվածքների շինարարությունը: Առաջիկայում պլանավորում ենք անցկացնել գիշերային լուսավորության ցանց:
Գիշերային լուսավորությունը հնարավորություն կտա շինարարներին ավելի երկար աշխատել: Թաղամասը նաև դպրոց ու մանկապարտեզ կունենա: 100 տուն Արցախում նախաձեռնության համահիմնադիրներից Սամվել Մովսիսյանի խոսքով՝ Դահրավում նաև կրթական ու տնտեսական ծրագրեր են իրականացնելու:
Սամվել Մովսիսյան - Մեզ վիրավորել են, մեզ համար շատ դժվար է, մեր այգիներն այրել են, մեր եկեղեցիները քանդել են, բայց մենք ունենք այդ ուժը կառուցելու: Մենք չենք հանձնվում:
Նոր թաղամասի բնակիչներին անհամբեր սպասում են հնաբնակները: Փոքրիկները սպասում են իրենց նոր ընկերներին՝ ընկուզենու բերքը մյուս տարի միասին են փորձելու: Մեծ թաղամասը կարող է կառուցվել փոքր նվիրատվություններով: Նախագծին միանալու համար անհրաժեշտ է Տուն բառը ուղարկել 1000 կարճ համարին: 1 հաղորդագրության արժեքը՝ 500 դրամ: Խոշոր նվիրատվությունների համար պետք է այցելել apreluartsakh.am կայք կամ դիմել Հանրային հեռուստաընկերություն: