13 ամսուան բացակայութենէ ետք ծնունդ առաւ լիբանանի կառավարութիւնը գլխաւորութեամբ վարչապետ Նաժիպ Միքաթիի։ Միքաթիի և Հանրապետութեան նախագահ զօրավար Միշել Աունի վերջին խորհրդակցութիւնը հանգեցուց խնդիրի լուծման։ 10 սեպտեմբեր 2021 ին Նախագահական պալատ հրաւիրուեցաւ նախարարաց խորհուրդի ընդհանուր քարտուղար դատաւոր Մահմուտ Մաքքիէն, իսկ աւելի ուշ՝ խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրին։ Իշխանութեան երեք պետերու դռնփակ հանդիպումը աւարտեցաւ աւետիսով, կազմուեցաւ 24 նախարարներէ բաղկացած լիբանանի նոր կառավարութիւնը։
Վարչապետ Միքաթի յայտնեց, որ նորակազմ կառավարութիւնը Իսրայէլէն բացի բոլորին հետ պիտի գործէ` ի նպաստ Լիբանանի շահերուն։ «Ամէն ջանք ի գործ պիտի դնեմ փրկելու համար Լիբանանը»,- ըսաւ ան, պիտի դիմեմ արաբական աշխարհին։ «Մենք աշխատանքի մէկ խմբակ ենք և պիտի աշխատինք վերջ տալու յուսալքումին և ընկճուածութեան»,-աւելցուց ան։ Նաժիպ Միքաթի շեշտեց, որ իրենք պիտի աշխատին Լիբանան հայրենիքին համար, յարգելով սահմանադրութիւնը, և պիտի չգործեն այս կամ այն կողմին ի նպաստ։
Շահան Գանտահարյան, Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր - Կառավարության կազմավորումը չի նշանակում, որ կուտակված ճգնաժամերը միանգամից պետք է հանգուցալուծվեն: Որքան էլ ներլիբանանյան միասնականության բացակայությունը լինի պատճառ, սակայն նաև արտաքին գործոններ կան, որ վճռորոշ են: Միջազգային ընտանիքը, փաստորեն, ֆինանսատնտեսական պաշարման էր ենթարկել Լիբանանին, որի հետևանքով այս իրավիճակը ստեղծվեց:
«Այս կառավարութիւնը կը գտնուի հսկայական պատասխանատուութիւններու դիմաց», յայտնեց նախագահ Աուն և նախագահական պալատի լրագրողներուն հետ զրոյցի մը ընթացքին ըսաւ, որ Լիբանանը դժոխքէն դուրս պիտի գայ։ Ան հաստատեց Սուրիոյ հետ յարաբերութիւններու կայունութեան մասին։
Եղիա Թաշճյան, քաղաքագետ - Նաջիբ Միկատին որոշ չափով ճկունություն ունի: Նա կարող է լեզու գտնել ոչ միայն Լիբանանի ներսի բոլոր քաղաքական խմբերի հետ, այլև՝ տարածաշրջանում: Այսինքն՝ շատ լավ հարաբերություններ ունի Արևմուտքի, Ռուսաստանի, որոշ չափով Սիրայի հետ: Նաև՝ արաբական ծոցի երկրների հետ:
Նորակազմ կառավարութեան մէջ Հայ համայնքի ներկայացուցիչ նշանակուեցաւ Ճորճ Պուչիկեանը, որպէս Ճարտարարուեստի նախարար։ Հարկ է նշել, որ ճարտարարուեստի նախարարութիւնը երկրի կարևոր նախարարութիւններէն մէկը կը համարուի: Ճորճ Պուչիկեանը ծնած է 10 մայիս 1965 ին։ Պուճիքեան Այնճարի բարեկարգումի խորհուրդի նախագահն է։ Ան անդամ է բժշկական սարքեր ներածող սենտիքայի տնօրէն խորհուրդին և լիբանանեան զուիցերիական առևտուրի պալատին։ Ան հիմնած և ղեկավարած է լիբանանեան բազմաթիւ յաջող ընկերութիւններ , որոնք նպաստած են Լիբանանի և միջինարևելեան շուկաներու մէջ միջազգային վաճառանիշերու մուտքը ապահովելու։ Կը տիրապետէ հինգ լեզուներու հայերէն, արաբերէն, անգլերէն, ֆրանսերէն և գերմաներէն:
Նորանշանակ նախարարը Ժէտիտ պատկարասփիւռի կայանին յայտնեց, որ իր նպատակն է լիբանանեան արտադրութիւնները սակով և որակով միջազգային շուկայի մրցունակութեան չափանիշներու հասցնել, ընդգծելով, որ այդ մէկը անկարելի չէ։
Կառավարութեան կազմութեան գծով տեղական, արաբական և միջազգային ողջոյնները չուշացան։ Նախկին վարչապետները ամբողջական զօրակցութիւն յայտնեցին Միաքաթիին Լիբանանը ճգնաժամէն փրկելու մէջ։
Երկուշաբթի 13 սեպտեմբեր 2021 ին տեղի ունեցաւ նոր կառավարութեան անդրանիկ նիստը, որմէ առաջ առնուեցաւ կառավարութեան պաշտօնական լուսանկարը։ Նիստի ընթացքին կազմուեցաւ նախարարական յանձնախումբ, որպէսզի մշակէ կառավարութեան ծրագիրը, որ պիտի ներկայացուի խորհրդարանին և որուն հիման վրայ անոր վստահութիւն պիտի շնորհուի։
Հեղինակ՝ Փաթիլ Մկրտիչեան