Մեկ շաբաթ, որը կարող է փոխել կյանքը Հայաստանում՝ Այ-Թի-ից մինչև գյուղատնտեսություն: Հայտ են ներկայացրել 200 հայ երիտասարդ Հայաստանից և արտերկրից: Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Դիլիջանում կայացած «Բիզապ գլոբալ ֆորում»-ում: Խորագիրը բավական պարզ է՝ «Բիզնեսը դու ես»: Երիտասարդական ձեռնարկատիրությունը զարգացնելուն ուղված այս ծրագիրը հաջողված է, համոզված են նախաձեռնողները:
Գոհար Ղումաշյան (Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօեն) - Ֆորումի ընթացքում լրացվել են և ավելի կատարելագործվել 200 երիտասարդների ներկայացրած բիզնես-ծրագրերը, այն բիզնես գաղափարները, որոնք միտված են երկրի տնտեսության զարգացմանը, բոլորը իրատեսական են: Կարողացել ենք ստեղծել կամուրջ հաջողակ և սկսնակ գործարարների միջև:
Հագեցած մեկ շաբաթը մասնակիցներին նոր գիտելիք, հմտություններ, գործընկերներ ձեռք բերելու լավ հնարավորություն էր: Ասում են՝ մենք եկել ենք ոչ թե մրցելու, այլ՝ համագործակցելու: Գոհար Տեպոյանի խոսքով՝ իրենք ֆորումից հետո ավելի վստահ քայլերով են գնում շուկա: Սկսել են մեր երկրում նորույթ համարվող՝ տեխնոլոգիական խաղալիքների արտադրություն:
Գոհար Տեպոյան (ֆորումի մասնակից) - Էստեղ եկել ենք, որպեսզի շուկա մտնելուց առաջ վերանայենք մեր ծրագրերը, արդյոք ամեն ինչ ճի՞շտ ենք արել մինչև հիմա, և հիմա ավելի քան բավարարված են մեր ակնկալիքները, մենք էստեղից գնում ենք շատ մեծ էներգիայով:
Ֆորումը նոր, նաև համարձակ մտքերի ու ծրագրերի պակաս չուներ: Ուշագրավ էր ուսանող Ժակի թիմի ներկայացրած բիզնես-ծրագիրը: Այն բացահայտել է Հայաստանում անապատային վայր, որի ավազը եգիպտականից էկոլոգիապես ավելի մաքուր է, այնտեղ նոր մարզաձև կզարգացնեն: Ժակն ասում է՝ ֆորումն արդարացրել է սպասելիքները:
Ժակ Սրապյան (ֆորումի մասնակից) - Ֆորումը ինձ շատ լավ ընկերներ է տվել, շատ լավ կապեր, միասին հետագայում համագործակցություն ենք սկսելու:
«Հայկական բիզնես» - ֆորում 2021-ի ավարտական այս փուլում ընտրված 10-ը լավագույն բիզնես-ծրագրերից մեկը նոր ստեղնաշարային հավելված է առաջարկում: Հեղինակներն արդեն պայմանագիր են կնքել արտասահմանյան 2 ընկերությունների հետ:
Դասընթացավարներին զարմացրել էր երիտասարդների անսահման երևակայությունն ու նորարար միտքը, բայց ռուսաստանաբնակ փորձագետի դիտարկմամբ՝ կարևոր է ներդրողների հետ ճիշտ աշխատելը, ինչը ևս գիտելիք է պահանջում:
Դավիթ Թավադյան (ֆորումի դասընթացավար) - «Տաշիր» ընկերությունը հիմնական հովանավորներից է և պատրաստ է ներդրումներ անել այս ստարտափների մեջ, և մենք փորձեցինք բիզնես-պլանները շտկենք, ոնց են գումար վերցնում ներդրողներից, որովհետև էդ մշակույթը Հայաստանում դեռ չկա, նոր սկսում է ձևակերպվել:
Իսկ 10-ը լավագույն բիզնես-ծրագրերի հեղինակները սեպտեմբերի 20-ին ստորագրելու են ներդրումային պայմանագրերը: