Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը առաջնահերթություն է, հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը՝ այդ ամենի բաղադրիչ մաս: Դեռ խորհրդարանական ընտրությունների, ապա նաև Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ վերընտրվելու պարագայում առաջին այցերը հարևան երկրներ են լինելու: Սկզբում աշխատանքային այցն էր Իրան, երկրորդը՝ պաշտոնական ու՝ Վրաստան:
Դիմավորման արարողություն՝ ինչպես կարգն է, երկու երկրների հիմն, ու առանց ժամանակ կորցնելու՝ Հայաստանի և Վրաստանի գործադիրների ղեկավարներն անցան քննարկումների՝ առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում, հայտարարություն մամուլի համար:
Քննարկել են գրեթե ամեն ինչ՝ երկկողմ հարաբերություններից ու Հայաստանի կառավարության տեսլականից մինչև տարածաշրջանային ու միջազգային հարցեր, կոմունիկացիաներից մինչև տնտեսություն ու զբոսաշրջություն, Արցախյան պատերազմ ու դրա հետևանքներ: Հայ-վրացական բարեկամության ու գործակցության լավ հիմք է հաստատվել, իսկ Նիկոլ Փաշինյանի այցը կնպաստի դրան՝ այս հարցում կողմերը համակարծիք են:
Իրակլի Ղարիբաշվիլի (Վրաստանի վարչապետ) - Իհարկե, մեզ համար մեծ կարևորություն ունի Հայաստանի կայունությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և դա անմիջապես կապված է մեր երկրի կայունության հետ։ Համապատասխանաբար մեր ընդհանուր տարածաշրջանային նպատակը կտեղավորեմ երեք բառի մեջ։ Դրանք են՝ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն, որը մեր տարածաշրջանի բոլոր երեք երկրներին միավորում է։
Քննարկման լայն շրջանակում, որում տեղ էին գտել նաև տնտեսության, առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության, էներգետիկայի, մշակույթի, կրթության ոլորտներում գործակցության հեռանկարները, միևնույն է, մեծ մասը բաժին էր հասել տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ես վարչապետ Ղարիբաշվիլիին ներկայացրի կառավարության ծրագրում տեղ գտած տարածաշրջանային թեմաների և տարածաշրջանային լուծումների վերաբերյալ, այն առաջարկությունների և պատկերացումների վերաբերյալ, որոնց մասին մենք հայտարարել ենք, և կարծում եմ, որ այստեղ էլ նոր հնարավորություններ կան, որոնց օգտագործումը, կիրառումը դեռևս փաստ չէ, բայց մենք խոսում էինք նրա մասին, որ պետք է ջանք գործադրել այդ հնարավորություններն օգտագործելու համար: Այո, մենք քննարկեցինք նաև տարանցման այն հնարավորությունները, որ գոյություն ունեն, ընդ որում՝ խոսքը ոչ թե առանձին վերցրած Հայաստանի և Վրաստանի տարանցման հնարավորությունների մասին է. մենք քննարկել ենք թե՝ ինչ կարող ենք անել, որ փոխադարձաբար միմյանց պոտենցիալը ավելի մեծանա, և այդ առումով հիմա իրականացվում են նախագծեր էներգետիկայի ոլորտում, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում նույնպես մենք քննարկում ենք ծրագրեր, և հույս ունեմ, որ հնարավոր տարբերակներից մենք կգտնենք ամենաարդյունավետ տարբերակը:
Արդյունավետ աշխատանքի համար գործընկերները պայմանավորվել են կրկին ակտիվացնել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։ Ըստ Փաշինյանի՝ հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար նոր հնարավորություններ է ստեղծում նաև երկու երկրների նվիրվածությունը ժողովրդավարությանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք բազմաթիվ հարցեր քննարկեցինք, և կարծում եմ՝ նաև ժամանակը դա ցույց տվեց։ Մեր համագործակցության օրակարգը շատ լայն է, և ամենակարևոր արձանագրումը հետևյալն է. մենք պայմանավորվեցինք, որ պիտի ավելի շատ կենտրոնանանք արդյունքների վրա, որպեսզի մեր քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը կոնկրետ թվերով արտահայտություն ունենա տնտեսության ամենատարբեր ոլորտներում։
Այն, որ երկու երկրների հարաբերությունների զարգացումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, կարծում են նաև երկու երկրների արտգործնախարարները: Վրաստանում նաև նրանց հանդիպումն էր նախատեսված: Հայաստանի համար շատ կարևոր է Վրաստանի հետ առևտրատնտեսական գործակցության խորացումը՝ ընդգծեց Արարատ Միրզոյանը: Քննարկեցին նաև, թե ինչ նոր հնարավորություններ կան «Պարսից ծոց - Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու գործում: Հայաստանի արտգործնախարարը գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից մինչ օրս պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց փաստը, Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:
Պաշտոնական այցի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանը գործընկերոջ հետ մենկեց Բաթում: Ղարիբաշվիլիի հետ հանդիպեցին ոչ ֆորմալ: Վրաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց զբոսաշրջության զարգացմանը և ենթակառուցվածքների բարելավմանը ուղղված ծրագրերն ու միջոցառումները: Կողմերը բանակցությունների ընթացքից գոհ են, ակտիվ շփումն էլ որոշել են շարունակել և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական ձևաչափով:
Երկու երկրի միջև գործակցության չիրացված հսկայական պոտենցիալ կա՝ արձանագրում է պատվիրակության կազմում Վրաստան մեկնած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Իսկ այդ պոտենցիալը հնարավոր է օգտագործել համատեղ պրոյեկտներ իրականացնելով:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Եվ ոչ միայն մեր միջև բեռնափոխադրումների կամ ուղևորափոխադրումների, այլ նաև տարածաշրջանի այլ երկրների, Պարսից ծոցի երկրներից դեպի Սև ծովի երկրներ բեռնափոխադրումների, և, կարծում եմ, առաջիկայում այդ ուղղությամբ ավելի հստակ քայլեր կունենանք և կփորձենք առաջանցիկ ծրագրեր կյանքի կոչել:
Տարածաշրջանում ստեղծվաճ իրավիճակը և մարտահրավերները Հայաստանի հետ հարաբերությունները ավելի ակտիվացնելու բնականոն կարիք են առաջացրել հենց Թբիլիսիի մոտ՝ այցը մեկնաբանում է «Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը: Հարաբերությունները խորացնելու ազդակ Հայաստանն արդեն մի քանի տարի է՝ անում է:
Ջոնի Մելիքյան («Օրբելի» կենտրոնի փորձագետ) - Եղած օրակարգը պետք է վերանայվի, այն ոլորտները, որտեղ դեռևս կա կարիք, կամ բոլոր հնարավորությունները չեն իրականացվել, այդտեղ ևս ակտիվ համագործակցություն ապահովենք, առևտրատնտեսական համագործակցությունը, էներգետիկ համագործակցությունը, ինչու ոչ՝ էներգակամուրջի գաղափարը, դեռևս չի աշխատում լիարժեք, քանի որ Հայաստանը Իրանին և Վրաստանին այնպես չի կապված, ինչպիսին կարիք կար:
Այսօր տարածաշրջանում Ադրբեջանը համարվում է անկանխատեսելի երկիր, որը դեռ չլուծված սահմանային խնդիրներ ունի նաև Վրաստանի հետ: Մելիքյանի պնդմամբ՝ Վրաստանը փորձում է բալանսավորել հարաբերությունները տարածաշրջանում:
Ջոնի Մելիքյան («Օրբելի» կենտրոնի փորձագետ) - Այսօր, այս փոփոխվող տարածաշրջանում, երբ Վրաստանի համար մարտահրավեր է կոմունիկացիաների ապաբլոկավորումը, ինչ է լինելու, ոնց է լինելու, ինչ վտանգ է սպառնում Վրաստանի համար, իրենք ի վերջո կորցնելու են մոնոպոլ դիրքը այս տարածաշրջանում: Այս ամենը, իմ կարծիքով, Վրաստանին հետաքրքրում է, և իրենք պատասխանները կամ առնվազն Հայաստանի մոտեցումները կարիք ունեին հասկանալու:
Փորձագետն առանձնացնում է նաև այցի ընթացքում երկու կողմից հնչած հստակ ուղերձը՝ Հայաստանը և Վրաստանը տարածաշրջանի անվտանգության հարցում ապակառուցողական ուժ չեն: Մելիքյանի խոսքով՝ երկու երկրներն էլ ընտրել են ժողովրդավարության ուղին և քայլեր են սկսել տարածաշրջանային կայունության ապահովման համար: