ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ
Ադրբեջանաիրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր։ Նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության և պետական սահմանային ծառայության համատեղ հայտարարության մեջ: Ադրբեջանական Բոյուք Բահմանլի գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ դիրքի տարածքում սեպտեմբերի 8-ի գիշերը նկատել են, որ երեք անհայտ անձինք Իրանի կողմից Ադրբեջանի ուղղությամբ խախտել են պետական սահմանը: Սահմանախախտները չեն ենթարկվել սահմանապահների նախազգուշացմանը։ Սահմանախախտների փախուստի փորձը կանխելու համար սահմանապահները կրակել են, ինչի հետևանքով սահմանախախտներից մեկը վիրավորվել է, իսկ երկուսին հաջողվել է հեռանալ:
ԼՐԱՑԱՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
Այսօր սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների 20-րդ տարելիցն է: 2001-ի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման 19 անդամ 4 խմբի բաժանվելով՝ ԱՄՆ-ում առևանգեցին 4 մարդատար օդանավ, որոնցով մխրճվեցին Նյու Յորքի երկու բիզնես կենտրոնների մեջ: Ահաբեկչական գործողության զոհ դարձավ 2 հազար 974 մարդ, ևս 24-ը մինչև օրս անհետ կորած է համարվում, վիրավորների թիվը մոտ 25 հազար էր: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թվիթերում տեսագրություն է տեղադրել զոհերի հիշատակին: Նա մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու հիշատակի արարաողություններին:
«ԹԱԼԻԲԱՆԸ» ՀԵՏԱՁԳԵԼ Է ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը հետաձգել է երկրի ժամանակավոր կառավարության երդմնակալության արարողությունը: Արաբական լրատվամիջոցները հայտնում էին, որ այն տեղի է ունենալու սեպտեմբերիր 11-ին՝ Նյու Յորքի ահաբեկչության 20-րդ տարելիցի օրը: «Մարդկանց հետագայում շփոթության մեջ չգցելու համար Աֆղանստանի իսլամական էմիրության ղեկավարությունը հայտարարել է կաբինետի մի մասը, և այն արդեն սկսել է աշխատանքը»,- գրել է շարժման ներկայացուցիչը Twitter-ում:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՌԴ ՀԵՏ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հավանական է համարում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմ սկսելը: «Դա կլինի Ռուսաստանի ամենամեծ սխալը, դրանից հետո երբեք գոյություն չի ունենա բարիդրացիական հարաբերություն Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի միջև»,- ասել է Զելենսկին: Այդուամենայնիվ, Զելենսկին նշել է, որ պատերազմը կլինի վատագույն սցենարը, որը հնարավոր է պատկերացնել: Հարցին, թե արդյոք նա կապավինի ԱՄՆ աջակցությանը, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկարինայի վրա, Զելենսկին դրական է պատասխանել: Մոսկվան արձագանքել է Զելենսկիի կանխատեսմանը: «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Ռուսաստանի հետ պատերազմի հավանականության մասին անտրամաբանական է և կտրված իրականությունից»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: