Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորումը, որով քաղաքացիները պետք է կամ պատվաստված լինեն, կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն գործատուին, տարածվում է բոլորի, այդ թվում՝ պետական պաշտոնյաների վրա: Ֆեյբուքյան էջում այս մասին գրել է առողջապահության նախարարը՝ պատասխանելով քաղաքացիների՝ հաճախ հնչող հարցերին: Անահիտ Ավանեսյանը բացատրել է՝ պաշտոնյաները ևս պարտավոր են ներկայացնել ՊՇՌ թեստավորման արդյունքը, եթե պատվաստված չեն, չունեն բժշկական տեղեկանք հակացուցումների մասին կամ հղի չեն։
Անահիտ Ավանեսյան (Առողջապահության նախարար) - Այս կանոնը չպահպանելու դեպքում նրանք ևս չեն կարող մուտք գործել իրենց աշխատանքի վայր և կկրեն անհարգելի բացականեր ունենալու իրավական հետևանքները:
Ֆեյսբուքյան ձևաչափով քաղաքացիների հետ շփվելու գրառումից հետո նախարարին մոտ 150 հարց են ուղղել: Դրանցից մեկով էլ՝ հետաքրքրվել են՝ ինչու է պատվաստումը պարտադրվում: Ավանեսյանը բացատրել է՝ պարտադիր չէ, բայց ստեղծվում են պայմաններ, որոնք կզսպեն վարակի տարածումը և կկանխեն հիվանդանալու պարագայում ծանր ընթացքը, անգամ մահը:
Անահիտ Ավանեսյան - Դիմակները, ձեռքերի ախտահանումը, թեստավորումները, պատվաստումները, սոցիալական հեռավորության պահպանումը ուղղված են դրան։ Մենք ուզում ենք հավաստվել, որ անձը չի վարակի իր աշխատակիցներին կամ քաղաքացիներին։
Իսկ ինչու պատվաստվել, եթե այն 100 տոկոսով չի երաշխավորում, որ մարդը նորից չի վարակվի՝ նախարարից հարցրել են քաղաքացիները: Ոլորտի պատասխանատուն բացատրել է:
Անահիտ Ավանեսյան - Որևէ պատվաստանյութ, դեղամիջոց, բժշկական միջամտություն չի կարող 100% արդյունք երաշխավորել, այնուամենայնիվ մենք դիմում ենք բժիշկների, բուժվում ենք, հետազոտվում ենք, դեղեր ենք խմում, որոնք, ի դեպ, ևս ունեն կողմնակի ազդեցություններ, որովհետև այդ ամենը չանելու ռիսկը անգամներ մեծացնում է վատ ելքի հավանականությունը։ Պատվաստանյութերը վերը թվարկված միջամտություններից նվազ վտանգավորն են և բավական արդյունավետ պաշտպանում են մեզ վարակվելուց, իսկ վարակման դեպքում հիվանդությունը ծայրահեղ ծանր տանելուց և մահանալուց։
Մեկնաբանությունում հարցեր գրած քաղաքացիները հետաքրքրվել են նաև՝ արդյոք քովիդի դեմ պատվաստանյութերը բավարար հետազոտվա՞ծ են և համապատասխանո՞ւմ են դեղամիջոցներին ներկայացվող որակի պահանջներին: Անահիտ Ավանեսյանը հիշեցել է՝ դրանք ստացել են մասնագիտական կառույցների դրական եզրակացությունները և անցել են նախակլինիկական և կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը: Իսկ անպատասխան մնացած մյուս հարցերին նախարարը խոստացել է անդրադառնալ արդեն երկուշաբթի՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերում: