Խաղողի մթերումների հետ կապված խնդիրները կլուծվեն, եթե խաղողագործները վերամշակողների հետ աշխատեն երկարաժամկետ պայմանագրերով. մեկնաբանելով խաղողագործների՝ մթերումների հետ կապված դժգոհությունները՝ նշում է Էկոնոմիկայի նախարարը: Վահան Քերոբյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անում են, որ ծագած խնդիրները շուտափույթ լուծում ստանան:
Հայաստանում աճեցվող խաղողի հիմնական մասը մթերվում է վերամշակման նպատակով, որն այս տարվա կանխատեսվող ցուցանիշով կկազմի շուրջ 180 հազար տոննա: Բերքն առատ է, սակայն խաղողից ստացված գինին և կոնյակը սպառվում է հիմնականում արտաքին շուկաներում, որտեղ ևս, ըստ նախարարի, խնդիրներ են առաջացել:
Որպեսզի մեր երկրում ավելի շատ խաղող աճեցվի, իսկ վերամշակողներն էլ ավելի շատ մթերեն, Կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, մասնավորապես, արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվել մթերող և վերամշակող ընկերություններին, իրականացվում է նաև ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագիր:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան