Հայաստանի և Սիրիայի հարաբերությունները եղբայրական են: Այդպես է բնութագրել երկրների կապը Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը: Նա հույս է հայտնել, որ կորոնավիրուսի և պատերազմի պատճառով ժամանակավորապես կասեցված համաձայնագրերը շուտով կվերագործարկվեն: Դեսպանի հետ զրուցել է Սիրիայում «Լուրերի» թղթակից Մարիա Գաբրիելյանը:
- Հայաստան-Սուրիա յարաբերութիւններու զարգացման նոր հորիզոններ կը նշմարուին բարեկամ երկու երկրներին մօտ, ո՞ր բնագաւառներու մէջ, ժամանակի առումով ի՞նչ հանգրուաններով և ինչպիսի՞ գործընթացով պիտի ըլլան անոնք։
- Հայաստան-Սիրիա հարաբերությունները պատմական են: Երկու երկրների ժողովուրդներն են, որ ստեղծել են այս հարաբերությունները: Վերջին ժամանակաշրջանում հարաբերությունների հիմնաքարը դրել է Սիրիայի հիմնադիր նախագահ Հաֆեզ Ալ Ասադը` Խորհրդային միության տարիներին Հայաստան այցելելով: Հարաբերությունները շարունակվեցին Հայաստանի անկախացումից հետո: Հայաստանի դիմագրաված ճգնաժամերի ընթացքում Սիրիայի կառավարությունը տարբեր օժանդակություններ է ցուցաբերել, ինչպես 1988 թ. երկրաշարժի աղետի ժամանակ ցուցաբերած օգնությունը: Փոխադարձաբար, Հայաստանի՝ իրար հաջորդող կառավարությունները, քաղաքական միևնույն կեցվածքը որդեգրելով, սատարեցին Սիրիայի կառավարությանը: Նրանք դատապարտեցին զինյալ ահաբեկչական շարժումների գործունեությունը Սիրիայում և օգնություն ցուցաբերեցին Սիրիայի կառավարությանը: Հատկապես պետք է նշել Հայաստանից ժամանած և Հալում գտնվող մարդասիրական խմբի աշխատանքը, որ ականազերծելով ահաբեկչական խմբավորումների կողմից ականապատված շրջանները՝ մեծապես նեցուկ է կանգնում Սիրիայի ժողովրդին:
Քաղաքական առումով ուժեղ են հարաբերությունները երկու երկրների միջև: Միջազգային հարթակում Հայաստանն ու Սիրիան մի շարք ընդհանուր խնդիրների հետ կապված սատարում են իրար: Առաջիկայում ցանկանում ենք, որպեսզի ակտիվանա երկու երկրների միջև համագործակցությունը կրթական, մարզական, գյուղատնտեսական, առևտրային և այլ բնագավառներում: Սիրիան և Հայաստանն իրար համարում են ոչ միայն բարեկամ, այլև եղբայրական երկրներ: Հայաստանի արտգործնախարարի հետ նախորդ շաբաթ ունեցած հանդիպման ընթացքում Սիրիայի նկատմամբ նրա վերաբերմունքը գերազանց եմ համարում: Ցանկանում ենք, որ մոտ ապագայում կորոնավիրուսի պատճառով կասեցված համաձայնագրերը կրկին ակտիվանան:
- Նշեցիք արդէն, որ Հայաստան-Սուրիա պատմական յարաբերութիւններ ունեցած են և որ Սիրիոյ համար բաւական ծանր պայմաններու մէջ Հայաստանը սուրիացի ժողովուրդի կողքին էր՝ ցուցաբերելով մարդասիրական օգնութիւն: Սիրիոյ հայ սակրաւորները ականազերծման աշխատանք կիրականացնեն Հալէպի մէջ: Բացի այդ, հայկական մարդասիրական առաքելութեան կազմին մէջ ներգրաւուած են նաև բժիշկներ, որոնք քաղաքացիական բնակչութեանը անվճար բոյժօգնութիւն կը տրամադրեն: Ինչպւ՞ս կը գնահատէ պաշտօնական Դամասկոսը Հայաստանի որդեգրած դիրքորոշումը և իրականացուցած քայլերը:
- Դամասկոսը միշտ ողջունել է օգնության այդ ծրագիրը: Ինչպես նշեցի, երկու երկրների հարաբերությունները եղբայրական են, հետևաբար՝ եղբայրները միշտ իրար օգնում են տագնապների ժամանակ: Հայաստանի Հանրապետության մարդասիրական խումբը շուրջ երկու տարի է իր առաքելությունն է իրականացնում Հալեպում: Այն կարևոր դերակատարում է ստանձնել ականազերծման աշխատանքներում, և այս օգնությունը Սիրիայի և՛ ժողովրդի, և՛ կառավարության կողմից բարձր է գնահատվում: Հուսանք, որ այս որակի համագործակցությունն առաջիկայում կմեկնարկի նաև այլ բնագավառներում:
- Հայաստան գաղթող սուրիահայ գործարարներու ճամբով կարելի՞ է երկու երկրների միջև արդէն իսկ գոյութիւն ունեցող գործարարներու խորհուրդը վերաշխուժացնել և նպաստել Սիրիայի տնտեսական իրավիճակի բարելաւման։
- Բնականաբար, միայն քաղաքական հարաբերությունները բավարար չեն, այլ անհրաժեշտ են տնտեսական հարաբերություններ, որոնք մեծապես տուժեցին Սիրիայի ճգնաժամի պատճառով: Սակայն, փառք Աստծո, այսօր իրավիճակը բարելավել է՝ շնորհիվ Սիրիայի բանակի, ժողովրդի և ղեկավարության հաստատակամության՝ ի դեմս երկրի նախագահ Բաշար Ալ Ասադի: Արդեն վերաբացվեց Հալեպի օդանավակայանը, և վերսկսվեցին Երևան-Հալեպ թռիչքները: Հալեպը Սիրիայի առևտրատնտեսական կենտրոնն է: Նախկինում երկու երկրների միջև առևտրային ակտիվ գործունեությունը ծավալվում էր Հալեպի օդանավակայանի միջոցով: Ցանկանում ենք, որ այս թռիչքները բարի նախասկիզբ համարվեն օդային ապրանքափոխադրման ծրագրերի համար, ինչը կարող է նպաստել Սիրիայի առևտրային գործունեության ակտիվացմանը: Հույս ունեմ նաև, որ երկու երկրների միջև համաձայնագրերը մոտ ապագայում նոր թափ կստանան:
- Սիրիան թևակոխած է վերականգնման բարդ, բայց նաև պատասխանատու փուլ: Այս գործընթացին մէջ Հայաստանը և հայաստանեան ընկերութիւնները ի՞նչ դերակատարութիւն կրնան ստանձնել:
- Հայաստանի ժողովուրդը շատ է սիրում Սիրիայի ժողովրդին, բարձր է գնահատում նրան: Սիրիայի ժողովուրդը յուրահատուկ տեղ ունի Հայաստանի և Սփյուռքի հայ ժողովրդի զգացմունքներում: Հետևաբար, հույս ունենք, որ հայերը մեծ դերակատարում կունենան Սիրիայի վերականգնման աշխատանքներում: Նշեմ, որ հայկական զանազան ընկերություններ ցանկանում են մասնակցել Սիրիայի վերականգնման ծրագրերին, և Հայաստանի կառավարությունը սատարում, քաջալերում է նրանց այս մոտեցումը: Կան օրենսդրական ձևակերպումներ, որոնք պետք է համաձայնությամբ կատարվեն, որպեսզի երկկողմանի այս ցանկությունն իրականություն դառնա:
- Աւելի քան տասնամեակ մը առաջ Հայաստանի և Սիրիայի միջև բարձրագոյն կրթութեան ոլորտէն ներս փոխհամագործակցութեան համաձայնագիր կնքուած էր, այդ համաձայնագիրը այսօր ի գործ դրուած չէ, հնարավորություն կա՞յ զանիկա վերակենդանացնելու։
- Անշուշտ, կա հնարավորություն, որովհետև այն իրականացվում է մշակութային համագործակցության շրջանակում: Ձեր նշած համաձայնագիրն ուժի մեջ էր մինչև 2013 թ., սակայն առաջիկայում հույս ունենք վերագործարկել այն և այս անգամ ոչ միայն Հալեպի, այլ Սիրիայի տարբեր համալսարանների մակարդակով: Գիտական ու մշակութային բնագավառներում նման համագործակցությունը, բնականաբար, նպաստում է նաև երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանը:
- Չորս տարի Հայաստանի մէջ ապրելով ինչ տպաւորութիւն գծագրած էք հայու նկատմամբ:
- Հայը Սիրիայում, թե այլուր՝ իր գործում, իր պայմանավորվածություններում ու իր արտադրանքում առանձնանում է ցուցաբերած ճշգրտությամբ ու բծախնդրությամբ: Հայ ասելով՝ հասկանում ենք ստեղծագործություն և յուրահատկություն: