Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների 20-րդ տարելիցն է:
Այս կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանը միացել է ահաբեկիչների դեմ պայքարի և աշխարհն առավել անվտանգ դարձնելու համաշխարհային օրակարգին։
«20 տարի առաջ ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերների պայթեցումից զոհվեց շուրջ 3000 մարդ:
Հետահայաց կարող ենք արձանագրել, որ Ամերիկայի դեմ իրագործած ահաբեկչական ակտի կազմակերպիչների գաղափարական նպատակը տապալվեց։ 9-րդ ամսվա 11-րդ օրն ահաբեկչություն իրականացնողներին չհաջողվեց կոտրել 911 ծառայության հանդեպ քաղաքացիների վստահությունը։
Միացյալ Նահանգների ահաբեկչական դեպքերից հետո էլ, ցավոք, ականատեսն ենք բազմաթիվ ահաբեկչությունների, անդառնալի մարդկային կորուստների։
Հայաստանը միացել է ահաբեկիչների դեմ պայքարի և աշխարհն առավել անվտանգ դարձնելու համաշխարհային օրակարգին։
Համընդհանուր չարիքի կանխարգելումն ու կանխումն առաջնահերթություն է։ Խոնարհվում ենք մարդկությանը պատուհասած աղետի անմեղ զոհերի հիշատակին»,- գրել է Սիմոնյանը: