24 օրում՝ 1520 մշտադիտարկում, Covid-19-ի հակահամաճարակային կանոնների խախտման 158 արձանագրություն. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է հանրային տրանսպորտում ստուգումները:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները միայն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում դիտարկել են ուղևորափոխադրում իրականացնող 80 տրանսպորտային միջոց, արձանագրել 14 խախտում:
Գոռ Հարությունյան, ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային բաժնի փորձագետ - Արձանագրությունների բնույթը հիմնականում դիմակներ չկրելն է, ինչպես նաև ախտահանիչ հեղուկների բացակայությունը տրանսպորտային միջոցների ուղեսրահներում:
Տեսչական մարմնի մասնագետներն արձանագրում են՝ հակահամաճարակային կանոնների պահպանման առումով վարորդներն առավել զգոն են դարձել, իսկ ուղևորները դեռևս ըմբոստանում են:
Բանավոր նախազգուշացումներից տեսչական մարմիններն անցել են գրավոր նկատողությունների, քանի որ խախտումները հաճախ նույն կերպ շարունակվել են:
Արթուր Արաբաչյան, ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժնի պետ - Մեր ուժերը չեն գեներացվել միայն Երևան քաղաքի ներքաղաքային հանրային տրանսպորտում իրականացվող միջոցառումներով: Իրականացնում ենք նաև մշտադիտարկումներ ՀՀ տարբեր մարզերից Երևան իրականացվող կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ:
Դիմակ դնելուց մինչև ախտահանիչի առկայություն. տրանսպորտային միջոցներն սպասարկող ընկերությունները եթե չեն պահպանում այս պարզ կանոները, ապա նրանց նկատմամբ կսկսեն կիրառել վարչական տույժեր:
Նարեկ Կարապետյան, ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի բաժնի պետ - Ներկայումս սկսվել է վարչական իրավախախտման վարույթներ՝ տվյալ կազմակերպությունների նկատմամբ:
COVID-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով՝ հասարակական տրանսպորտի վերահսկողությունը կշարունակվի: