Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությանը պատրաստվող «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակը գլխավորում է Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայության համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը։
«Բալասանյան» դաշինքն ստեղծվել էր 2016 թվականին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ՝ ՏԻՄ ընտրությանը մասնակցելու նպատակով։ Սամվել Բալասանյանը ցուցակում չկա։
Ավագանու ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացնում նաև երեք կուսակցության միավորմամբ ստեղծված «Գյումրին կռնա» դաշինքը։ Ցուցակը գլխավորող Գյումրիի հյուրանոցներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանն ասում է, որ կուսակցությունները, որոնցով ձևավորվեց դաշինքը, պատահական չեն ընտրվել։
Այսօր փաստաթղթեր ներկայացրեց նաև «Ժառանգություն» և «Ռամկավար ազատական» կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Հայրաքաղաք» դաշինքը։ Ցուցակը ղեկավարող Ժուռնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը երկու անգամ Գյումրու ավագանու անդամ է ընտրվել։ Գործող ավագանու անդամ է ընդդիմադիր ԳԱԼԱ խմբակցության կազմում։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ներկայում Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նախընտրական շրջանում արձակուրդ կվերցնի՝ մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններում գտնվելու և նախընտրական քարոզչություն իրականացնելու համար։ Ասում է՝ իր համար որոշումը դժվար էր, բայց պատրաստ է ծառայել Հայաստանի Հանրապետությանն այն պաշտոնում, որում կտեսնեն իրեն կուսակցության վարչությունն ու ժողովուրդը։ ՔՊ ցուցակում մարդիկ են, որոնք պատրաստ են բարդ ու պատասխանատու ծառայության։
Իշխող կուսակցության համար կարևոր հանձնառություն է նաև ազատ, արդար և մրցակցային ընտրության կազմակերպումը:
Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով փաթեթներ են ներկայացրել նաև «Զարթոնք ազգային քրիստոնեկանան», «Արժանապատիվ ուղի» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները։