Պատկերացնո՞ւմ եք՝ այլևս պետք չէ յուրաքանչյուր փաստաթղթի ստացման համար տարբեր դիմում-հայտեր լրացնել․․․
Խոսքը ապրանք արտահանելու կամ ներմուծելու համար պահանջվող արտոնագիր, սերտիֆիկատ և այլ տիպի թույլտվությունների մասին է։ Այդ փաստաթղթերը հավաքելու համար բիզնեսը սովորաբար տարբեր դռներ է թակում, դիմում գրում-պատասխանի սպասում՝ Հայաստանից դրսի շուկաներ բեռ ուղարկող տնտեսվարողների թղթաբանության վիճակագրությունն է ներկայացնում ՊԵԿ նախագահի տեղակալը։
Շուշանիկ Ներսիսյան (ՊԵԿ նախագահի տեղակալ) - 2019 թվականին մոտ 205 հազար ապրանքային հայտարագիր է ներկայացվել, և սրա համար տրամադրվել է 80 հազարից ավելի թույլտվական փաստաթուղթ:
inport-export-ի հարցով գործարարն ամենաշատը շփվում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ, բայց քանի որ ապրանքը երկրից ճանապարհելիս բոլոր տեղերից ստացած սերտիֆիկատները Պետեկամուտների կոմիտեն է ստուգում․․․ Իրենք են նախաձեռնել՝ ՍԱՏՄ-ից ԱԱԾ, Առևտրաարդյունաբերական պալատից էկոնոմիկայի նախարարություն՝ պետական բոլոր կառույցների կողմից տրվող թույլտվությունները «Մեկ պատուհան» միասնական on-line հարթակով տրամադրելու գործընթացը։
Շուշանիկ Ներսիսյան - Մենք ասում ենք, որ, տնտեսվարող, եթե դու ապրանք ներմուծելու համար գնում էիր 3 գերատեսչություն, դիմում գրում, սպասում, մի քանի օրից վերցնում, սքան անում ու կցում գործին՝ մենք ասում ենք՝ պետք չէ որևէ տեղ գնաս, օնլայն հարթակով դա արա ու մեկ կոճակով այդ ամենը կցի քո հայտարարագրին:
Էլեկտրոնային համակարգն այնպես է ծրագրավորած՝ ինտերնետով, օֆիսից գործարարի ուղարկած հայտի հիման վրա ինքնուրույն ենթահայտեր է գեներացնելու և ավտոմատ հասցեագրի այն օղակներին, որոնցից լիցենցիա է պետք տվյալ բեռը մաքսային սահմանով անցկացնելու համար։ Այդ սկզբունքով հնարավոր կդառնա ստանալ՝ 13 գերատեսչության կողմից տրամադրվող 18 տիպի թույլտվական փաստաթուղթ։ Բիզնեսի կյանքը թեթևացնող «Մեկ պատուհան»-ը ՊԵԿ-ը ներդնում է Եվրամիության հետ համատեղ։
Շուշանիկ Ներսիսյան - Մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ ամբողջ համակարգը ներդված կլինի, և կսկսենք ամբողջությամբ դրանով աշխատել:
Ըստ Շուշանիկ Ներսիսյանի՝ հարթակը ՊԵԿ-ի ենթակայության տակ է գործելու, բայց ամեն օղակ իր պատասխանատվության ու ռիսկերի դաշտն ունի։ Այն կահազանգի՝ հանկարծ եթե բիզնեսը որոշի երկրից ռազմավարական նշանակության հոսքագիծ դուրս տանել կամ, օրինակ, թռչնագրիպի համաճարակ ունեցող երկրից հավի միս ներկրել:
Շուշանիկ Ներսիսյան - Արդեն ՍԱՏՄ-ում ռիսկերի կառավաման համակարգը ահազանգում է, որ տվյալ ապրանքը ներմուծվել է 00 երկրից, ու այս պահին այդ երկրում համաճարակ կա:
Մատուցվող ծառայությունների մակարդակը բարձրացնելու հետ՝ ՊԵԿ-ից տնտեսվարողներին հուշում են․ նոր ծրագրից օգտվելու համար վերապատրաստել բիզնես-ներկայացուցիչներին, քանի որ հարթակի մի քիչ աշխատելուց հետո՝ թղթային տարբերակով թույլտվություններ ստանալն արգելվելու է։
Օգտվելով միասնական հայտ-համակարգից՝ կունենանք արագ և պարզ գործընթաց, արտահանման-ներմուծման պարզեցված գործընթացներ, նվազագույնի հասցված պետական մարմինների հետ շփում, խնայած ժամանակ և ֆինանսներ: