Հայաստանի անկախության և Հայաստանի ու Ռումինիայի միջև դիվանագիտաաան հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լոռու մարզի քույր մարզ Հարգիտայում՝ Ռումինիայում Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ, կազմակերպվել էր առցանց կոնֆերանս: Վերջինս կազմակերպվել էր Հարգիտայում արդեն 11-րդ անգամ անցկացվող Հայկական օրերի շրջանակներում:
Կոնֆերանսին Լոռու մարզպետարանը ներկայացնում էին մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը։
Կոնֆերանսի մասնակիցներին իր ողջույնի խոսքն է հղել Գոռ Ասրյանը: Կարևորելով Հարգիտայի և Լոռու մարզի համագործակցությունը, որն սկիզբ է առել 2017թ.-ից, մարզպետի տեղակալը հույս է հայտնել, որ ջերմ բարեկամությունն ավելի գործնական հարթակ կտեղափոխվի և գործուն քայլեր կձեռնարկվեն համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
«Ողջ աշխարհին համակած համավարակը, ապա նաև նախորդ տարի մեզ պարտադրված 44-օրյա դաժան պատերազմը խաթարեցին մեր առօրյան: Հայ ժողովուրդը, սակայն, տոկուն է, ստեղծարար և խաղաղասեր: Մենք կրկին ոտքի կկանգնենք, կուղղենք մեր մեջքը՝ արագ կերպով կրկին բռնելով զարգացման ուղին: Մեզ համար շատ կարևոր է ձեր աջակցությունը»,- ասել է Գոռ Ասրյանը:
Կոնֆերանսի ընթացքում հնչեց նաև մարզպետ Արամ Խաչատրյանի տեսաուղերձը. «Համոզված եմ, որ մեր երկու բարեկամ մարզերի միջև ձևավորված փոխգործակցությունը երկար կշարունակվի, տարիների ընթացքում ավելի ու ավելի կամրապնդվի՝ իր նպաստը բերելով Հարգիտայի և Լոռու տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդմանը: Թեև այսօր այս կոնֆերանսն առցանց է կազմակերպվում, և կենդանի շփումների հնարավորություն հարգելի պատճառներով չկա, սակայն դա չի խանգարում մեզ հոգով և սրտով ձեզ հետ լինելու ու փոխանցելու մեր ջերմագին ողջույնները»:
Այնուհետ կոնֆերանսի մասնակիցներին է ներկայացվել Լոռու մարզի տնտեսության զարգացման հեռանկարները և զբոսաշրջային պոտենցիալը ներկայացնող տեսաֆիլմ: Արփինե Մատինյանը և Հասմիկ Մկրտչյանը նույնպես, ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին, ներկայացրել են փոխգործակցության հնարավոր ուղղությունները՝ համապատասխանաբար կրթական ու մշակութային տարբեր ծրագրերի, ինչպես նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի և զբոսարջության ծրագրերի իրականացման տիրույթում:
Կոնֆերանսին Լոռու մարզից մասնակցում էին նաև Վանաձորի տեխնոլոգիական կետրոնի, ՔՈԱՖ ՍՄԱԹ կենտրոնի ներկայացուցիչները, Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը: Ալավերդին և Հարգիտայի Գերոգենի համայնքը հանդիսանում են քույր քաղաքներ: