Իրագործվեց Հանրային հեռուստաընկերության 5-ամյա ռազմավարության ամենակարևոր կետերից մեկը: Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան տվեց իր առաջին շրջանավարտները:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Առաջին հերթին մենք պետք է փորձենք բացել Հանրային հեռուստաընկերությունն ու այն հասանելի դարձնել հանրությանը: Այդ շրջանակներում կարևոր է, որ երիտասարդները կարողանան ձեռք բերել այդ փորձը, գալ Հանրային, հետո դառնալ դրա մասնիկը:
Հենց այդպես էլ եղավ. հունվարին Հանրայինը լրագրող, սպորտային լրագրող և հաղորդավար դառնալ ցանկացող տարբեր մասնագիտությամբ ու տարիքի շուրջ 3000 անձանցից հայտ ստացավ: Բայց միայն 100-ին հաջողվեց հայկական հեռուստատեսությունը բացահայտել ակունքից՝ դառնալով Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի առաջին ուսանողն ու արդեն նաև շրջանավարտը:
Հովհաննես Մովսիսյան - Շատ ուրախալի է ինձ համար, որ այլ հեռուստաընկերություններից և մեդիաներից նույնպես առաջարկներ են ստացել մեր ուսանողները: Սա խոսում է նրա մասին, որ մասնագետները պահանջված էին դաշտում: Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան ոչ միայն Հանրային հեռուստաընկերության համար է, այլև ընդհանուր մեդիադաշտի համար է:
Ինչպե՞ս աշխատանքի անցնել Առաջին ալիքում. հարցի պատասխանը, որ 6 ամիս առաջ դժվար էր գտնել, այսօր ակնհայտ է՝ սովորելով հենց Առաջին ալիքում:
Լենա Մինասյան (Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի տնօրեն) - Ընտրվեց 100 ուսանող, որոնք սովորեցին 6 ամիս շարունակ Հանրայինում՝ լրագրություն, սպորտային լրագրություն ու հաղորդավարական արվեստ, և ահա, այսօր նրանք ավարտում են, առաջին շրջանավարտներն են: Շատ ուրախալի է, որ նրանց մի մասն արդեն աշխատում է:
Հանրայինում աշխատանքի անցնելը ակադեմիայի գլխավոր «մրցանակն» է: Տեսական գիտելիքների և գործնականի համադրությամբ ոլորտի նոր կադրեր պատրաստելը ակադեմիայի գլխավոր նպատակն է:
Հերմինե Նալբանդյան (Մեդիա ակադեմիայի շրջանավարտ) - Այս ընթացքում աշխատեցինք հենց ներսում՝ տեսնելով, թե ինչպես է ստեղծվում այդ ռեպորտաժը: Ինչ չարչարանքներով կարող է 2 օր դու չարչարվես և 3-րոպեանոց ռեպորտաժ պատրաստես:
Առաջին ալիքի հմուտ թիմի, մեդիադեմքերի օգնությամբ ակադեմիայի սաները բացահայտեցին հեռուստատեսության գաղտնիքներն ու փորձեցին իրենց ուժերը հայկական հեռուստաշուկայում: Հասկացան՝ էկրանից այն կողմ հեշտ թվացող աշխատանքն այդքան էլ այդպես չէ:
Աննա Խաչատրյան (Մեդիա ակադեմիայի շրջանավարտ) - Ես սովորեցի ակադեմիայի լրագրություն բաժնում ու հինգ ամսվա դասերից հետո 1 ամիս պրակտիկա անցա «Լուրերում» ու հասկացա, որ լրագրողի աշխատանքը հեչ էլ հեշտ չէ:
Հերոսի, թեմայի և աղբյուրեների հայթայթման լրագրողական ալգորիթմին արդեն ծանոթ է ակադեմիայի շուրջ 40 ուսանող:
Արա Շիրինյան (Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ) - Մի բան եմ ուզում միայն մաղթել. էն, ինչ որ ձեզ փոխանցել են ձեր ավագ ընկերները, մի պահեք ձեր մեջ և փորձեք ինքներդ էլ ձեր շրջապատում հաղորդել այդ ամենը: Չնախանձել, տալ անմնացորդ, և այդ ինֆորմացիայի, գիտելիքի և էմոցիայի փոխանակումն է, որ մարդուն դարձնում է մարդ:
Հաղորդավարական արվեստին տիրապետեց, ուղիղ եթերում աշխատանքի փորձ ձեռք բերեց հաղորդավարական խմբի շուրջ 30 ուսանող:
Տիգրան Հակոբյան (ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ) - Մարատ Օրդյանի և պարոն Շիրինյանի հետ մենք այստեղ աշխատում էինք ամենածանր տարիներին, երբ վերևից նայում էիր քաղաքին ու չէիր ուզում «Լրաբերը» վարել, որովհետև քաղաքը մութ էր, իսկ դուք այսօր երջանիկ եք, դուք ունեք այս չքնաղ ընկերությունը, դուք ունեք չքնաղ ուսուցիչներ ու չքնաղ ապագա, դուք մեզանից լավն եք:
Տոկիոյի Օլիմպիական խաղերին մեկնաբանական խցիկից ձեզ օգնեցին հետևել նոր ձայներ՝ Մեդիա ակադեմիայի սպորտային լրագրության բաժնի ուսանողները:
Հովհաննես Յուքինյան (Մեդիա ակադեմիայի շրջանավարտ) - Մեդիա ակադեմիայի ապագա ուսանողներին առաջին հերթին խորհուրդ կտամ, որ չհուզվեն ու համարձակ լինեն: Հարցնել-փնտրել-գտնել. իմ կարծիքով՝ այս բանաձևն է ամենաճիշտը գործում այս հեռուստաընկերությունում:
Հեռուստադիտողից հեռուստադեմք դառնալու հնարավորություն Հանրայինը ստեղծել է նաև Արցախում, որտեղ շուտով կմեկնարկեն Մեդիա ակադեմիայի դասընթացները: