Տնային կալանք և վարչական վերահսկողության մեխանիզմ. սրանք խափանման այն նոր միջոցներն են, որոնք կգործեն 2022-ից: Այլընտրանքային խափանման միջոցները հստակ տարբերվում են «կալանք» խափանման միջոցից: Խափանման միջոցը ընտրելիս հաշվի է առնվելու մեղադրյալի վարքագիծը, փախուստի դիմելու հավանականությունը, նոր հանցանք կատարելու վտանգը և ոչ միայն:
Արփինե Սարգսյան (ԱՆ Քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ) - Օրինակ, թեկուզև սպանություն կատարած անձի համար չկան բավարար հիմքեր, որ կիրառվի կալանք, ապա բոլորովին պարտադիր չէ գնալ այդ խափանման միջոցի կիրառմանը, և կարելի է «գրավ» խափանման միջոցով ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Այսինքն՝ կոնկրետ իրավիճակում պետք է իրավասու մարմինը գնահատի իրավիճակը, եթե այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու են ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ապա պետք է ընտրվի հենց այդ ցանկից, կոնկրետ խափանման միջոց:
Տնային կալանքը ամբաստանյալին հնարավորություն է տալիս գտնվել ոչ թե քրեակատարողական հիմնարկում, այլ իր մշտական բնակության վայրում, և ենթարկվել որոշ սահմանափակումների: Դատարանի որոշմամբ նշված բնակության հասցեն մեղադրյալը պետք է չլքի՝ ենթարկվելով սահմանափակումների: Օրինակ՝ արգելվի նամակագրությունը, հեռախոսազանգեր կատարելը, նաև հյուրերի ընդունումը:
Արփինե Սարգսյան - Սա մի քանի նպատակ է հետապնդում. եթե պետությունը կարող է հասարակությունից չմեկուսացնելով անձին ապահովել նրա պատշաճ վարքագիծը, որը կարող է կատարվել տնային կալանքի դեպքում, ապա պետությունը պետք է հենվի այս խափանման միջոցի հնարավորությունների վրա, և երկրորդը, որ շեշտադրում է նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի բանտային բնակչության թիվը հնարավորինս նվազի, իսկ տնային կալանքը հենց այն խափանման միջոցն է, որը հնարավորություն է տալիս պետությանը հենց այդ ճանապարհով նվազեցնել բանտային բնակչությունը:
«Տնային կալանք» խափանման միջոցի կատարումը վերահսկելու է Պրոբացիայի ծառայությունը: Մեղադրյալի թևին կամ ոտքին macro-q հարմարեցվող սարքի միջոցով 24 ժամ 7 օր աշխատակիցները հսկելու են տեղաշարժի ամբողջ հետագիծը:
Ծրագրային որոշակի ապահովման միջոցով մոնիտորինգի կենտրոնը անգամ տեսնում է՝ մեղադրյալի սարքը լիցքավորվա՞ծ է ինչպես հարկն է, թե՞ ոչ:
Տնային կալանքի դեպքում օգտագործում ենք ներտնային վերահսկման այս սարքը, որին զուգակցում է այս թևնոցը, երկուսը միասին, ապահովելով ռադիոկապ, կարողանում ենք հսկել անձի շարժը բնակարանում: Ներտնային վերահսկման սարքի միջոցով ամբողջ բնակարանի շրջագիծը գծել, որպեսզի հասկանան՝ քանի քառակուսու մասին է խոսքը, որ մեղադրյալը չլքի. հենց լքում է, մենք ունենում ենք ազդանշան, որ նա դուրս է եկել, կա խախտում:
Արփինե Սարգսյանը մանրամասնում է՝ եթե մեղադրյալը փորձի ջարդել կամ բացել սարքը, այն անմիջապես ազդանշան է ուղարկում կենտրոն: Այլընտրանքային խափանման միջոց կիրառելով՝ պետությունը հենվում է քաղաքացու բարեխղճության վրա ու հնարավորություն տալիս պատիժը չկրել քրեկատարողականի խիստ ռեժիմում: