ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է գիտության և արվեստի միջազգային «Սթարմուս» փառատոնի հիմնադիր, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս, Տեներիֆե կղզու Լա Լագունա համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2022 թ. սեպտեմբերին Երևանում նախատեսվող «Սթարմուս» փառատոնի նախապատրաստական աշխատանքների հետ կապված մի շարք մանրամասներ։ Նշվել է, որ արդեն իսկ կան որոշ պայմանավորվածություններ գիտական աշխարհում հայտնի հեղինակությունների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, հանրահայտ երաժշտական խմբերի հետ՝ մասնակցություն ունենալու երևանյան «Սթարմուս» փառատոնին։ Գարիկ Իսրայելյանն ընդգծել է, որ որպես հայ՝ առանձնակի ուրախությամբ և պատասխանատվությամբ կիրականացնի Հայաստանում փառատոնի կազմակերպումը:
Մինչ այժմ տեղի է ունեցել «Սթարմուսի» 5 փառատոն։ Հայաստանում նախատեսվող «Սթարմուս» 6-րդ փառատոնը կանցկացվի «50 տարի Մարսի վրա» խորագրի ներքո։ Այն նվիրված կլինի 1971 թ. Խորհրդային Միության կողմից Մարսի վրա «Մարս-3» սարքի վայրէջքի 50-ամյակին։ Հատկանշական է, որ «Մարս-3»-ում է գտնվել հայազգի գիտնական Ալեքսանդր Քեմուրջյանի «մարսագնացը»:
Գիտության ու արվեստի «Սթարմուս» միջազգային փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականներին, տիեզերագնացներին, երաժիշտներին, Նոբելյան մրցանակի դափնեկիրներին՝ նպատակ ունենալով ոգեշնչել և կրթել տեխնոլոգիական ոլորտի նոր սերնդին: