«Ապագա» հիմնադրամի կողմից իրականացվող «Ապագայի ֆերմերները» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել հերթական հանդիպում-քննարկումը նախաձեռնության կազմակերպիչների և ծրագրի շահառուների ու ծրագրով հետաքրքրվածների մասնակցությամբ:
Հանդիպմանը ներկա էին «Ապագա» հիմնադրամի նախագահ Տաթև Այրումյանը, փորձագետներ, ինչպես նաև Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետներ:
Ծրագիրը փորձնական էր, որի շրջանակում Կոտայքի մարզից ընտրված 10 սոցիալապես խոցելի ընտանիքների հնարավորություն էր տրվել զբաղվելու կայուն եկամուտ ապահովող գյուղատնտեսական գործով՝ ճագարաբուծությամբ:
Կոտայքի մարզում ծրագրի հաջողությամբ պայմանավորված՝ հիմնադրամն այս տարի Կոտայքի մարզի շահառուների ընդգրկման ծավալները կմեծացնի:
Կազմակերպված հանդիպման ընթացքում ծրագրով հետաքրքրված քաղաքացիներին ներկայացվել են նպատակները, դիմելու կարգը, ընթացակարգերը, իսկ արդեն ծրագրի շահառու հանդիսացող քաղաքացիների հետ քննարկվել են ընթացիկ հարցերը և դրանց լուծման տարբերակները:
Ծրագրի շրջանակներում ընտանիքներին տրամադրվելու են ճագարներ, ճագարամայրեր, կեր, դեղորայք և անհրաժեշտ ամեն ինչ: Առավելությունն այն է, որ լուծվելու է նաև շուկայի հարցը՝ ստացված պրոդուկտը ամբողջությամբ մթերվելու է, և որևէ շահառու վաճառքի խնդրի առաջ չի կանգնելու:
Նախաձեռնությունն իրականացվում է «Միասին կառուցենք արժանապատիվ ապագա» ծրագրի շրջանակում՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության աջակցությամբ: