2021 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում գրանցվել է ընդհանուր առմամբ 15 726 հանցագործության դեպք՝ շուրջ 3.5 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Դեպքերի գերակշռող մասը ոչ մեծ ծանրության հանցագործություններն են՝ 8265: Միջին ծանրության հանցագործությունների թիվը 4868 է: Ծանր հանցագործությունները՝ 2413 Առանձնապես ծանր հանցագործությունները 180-ն են:
Անձի դեմ ուղղված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ նվազել են 277-ով՝ կազմելով 2211 դեպք: Դրանց մեջ ներառված են սպանությունը, սպանության փորձը, թրաֆիքինգը, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված դեպքերը:
Հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 755-ով՝ կազմելով 3287 դեպք: Այս խմբում ներառված են ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, խուլիգանության, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեպքեր և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ:
Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 191-ով՝ կազմելով 7981 դեպք: Դրանք են պետական, հանրային և անձնական գույքի հափշտակությունները:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ նվազել են 75-ով՝ կազմելով 457 դեպք: Դեպքերը վերաբերում են կեղծ փողերի պատրաստմանը, փողերի լվացմանը և տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունների:
Իշխանության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 148-ով՝ կազմելով 1480 դեպք՝ պաշտոնեական լիազորություններ չարաշահելը և անցնելը, կաշառք ստանալը կամ տալը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը և իշխանության դեմ ուղղված այլ հանցագործություններ:
7 ամսվա տվյալների համաձայն՝ հանցագործությունների 50 տոկոսից ավելին գրանցվել է Երևանում. մայրաքաղաքում հանցագործության 8247 դեպք է արձանագրվել: Հաջորդը Կոտայքն է՝ 1282 դեպքով, երրորդը Լոռին է՝ հանցագործության 1151 դեպք, այնուհետև Արարատը, Արմավիրը, Շիրակը, Գեղարքունիքը, Տավուշը, Սյունիքը, Արագածոտնը: Ամենաքիչ բնակչություն ունեցող Վայոց ձորի մարզում ընթացիկ տարում հանցագործությունների ամենացածր ցուցանիշն է արձանագրվել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան: