Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ շարունակվել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցի քննարկումը:
Պաշտպանական կողմը կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացրել՝ նվազագույն շեմ առաջարկելով 20 մլն դրամը:
Ամբաստանյալ Առուշանյանը չի ներկայացել դատարան:
Պաշտպանները ընթերցել են նրա էլեկտրոնային դիմումը, ըստ որի՝ Առուշանյանը վատառողջ է և դժվար է հաղթահարում Գորիս-Երևան ճանապարհը:
Գորիսի քաղաքապետը մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելու, կազմակերպելու և օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի ժամը 15:00-ին: