ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր հանդիպում է կազմակերպվել իրանական «Բաբաք Մես Իրանիան» ընկերության, հայկական ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների և գիտական ոլորտի մասնագետների մասնակցությամբ։ Ընկերությունը Իրանում հանքարդյունաբերությամբ զբաղվող հայտնի և ամենամեծ ընկերություններից մեկն է։
Հանդիպմանը մասնակցել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Մեղրաձոր Գոլդ» ,«Թեղուտ», «Լիդիան Արմենիա», «Չաարատ Կապան» հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչներ, գիտական ոլորտի մասնագետներ։
Իրանական ընկերությունը ներկայացրել է խտանյութից պղնձի կորզման կենսատարրալուծազատման (Bio tank leaching) իրենց կիրառած տեխնոլոգիան և Իրանում այդ տեխնոլոգիայով աշխատող ֆաբրիկայի փորձը:
Հանդիպմանը քննարկվել են հայկական ընկերությունների հետ պղնձարդյունաբերության ոլորտում համագործակցության իրանական կողմի առաջարկները, որոնք հետաքրքրություն են առաջացրել ոլորտի մասնագետների համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների վերաբերյալ՝ համագործակցության շուրջ պայմանավորվածությունների համար:
ՀՀ ՏԿԵՆ ընդերքի վարչության մասնագետ Սուրեն Մամյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել օրենսդրական կարգավորումների հարցերում, ինչպես նաև համագործակցությանը նպաստող միջավայր ստեղծել՝ անհրաժեշտության դեպքում նոր հանդիպումներ կազմակերպելով:
Հիշեցնենք, որ նախօրեին ընկերության ներկայացուցիչները հանդիպել էին ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի հետ՝ Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները հայկական կողմի հետ քննարկելու նպատակով։
Պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպում կազմակերպել ընկերության և ոլորտում գործունեություն ծավալող հայկական ընկերությունների մասնակցությամբ և համատեղ քննարկել իրանական կողմի առաջարկները։